Հուլիսի 18-ից հուլիսի 24-ի դրությամբ՝ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 965 նոր դեպք, 6158 թեստավորում, 547 առողջացած, 7 մահվան դեպք: Ընդհանուր հաստատվել է՝ 425365 դեպք, որոնցից 413901 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1144 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8633 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3154685 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ինչպես նկատում ենք՝ համավարակը կրկին վերադառանում է ու այս անգամ նոր ուժգնությամբ: Մասնագետների դիտարկմամբ՝ սա վարակի 6-րդ ալիքն է, որի ակտիվությունը հատկապես կնկատվի օգոստոսի կեսից սկսած: Այս մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ, որի խոսքով՝ համավարակային այս վիճակը սպասելի էր, քանի որ վարակը վերելքի փուլում է ու դեպքերի կրկին աճ ունենալու ենք. արդեն ունենք 15 տոկոսից ավելի դրական դեպքեր, որը խոսում է այն մասին, որ ոչ բոլոր դեպքերն են հայտնաբերված: Համաճարակային պրոցեսը աճման փուլում է: Ամբողջ աշխարհում իրավիճակը ևս այսպիսին է, դեպքերի թվերն ավելանում են, մեկ օրում գրանցվել է 260.000-ից ավելի նոր դեպք: ԱՀԿ-ն արդեն իսկ հորդորում է վերականգնել դիմակ կրելու ռեժիմն ու խթանել պատվաստումային գործընթացը, քանի որ պատվաստելը 10 անգամ նվազեցնում է ծանր դեպքերն ու մահվան ռիսկերը: Գիտնականների դիտարկմամբ՝ կան շտամներ, որոնք կարող են շրջանցել պատվաստումային իմունիտետը, սակայն, չնայած դրան, 10 անգամ դեպքերի նվազեցումը բավականին լավ ցուցանիշ է: Ինչպես նկատում ենք՝ ունենք պատվաստումների գործընթացի դանդաղում, որը հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված, գուցե տեսնելով՝ դեպքերի համեմատած սակավությունը, չեն ցանկանում հիշել քովիդի մասին:
Աշխատանքներ են իրականացվում նոր պատվաստանյութի ստեղծման համար, սակայն տիկին Ստեփանյանի նշմամբ՝ մեր հայրենակիցները կրկին մեծ դժվարությամբ են ներգրավվելու նոր պատվաստանյութով պատվաստվելու պրոցեսին, ինչպես դա եղավ նախորդ անգամ: Հաշվի առնենք նաև այն, որ դեպքերի աճն իրականում պայմանավորված է ալիքի շարունակությամբ: «Համավարակն իր բնականոն ընթացքով ընթանում է ու դրա թվերի ավելացումը կոնկրետ հանգամանքներով պայմանավորված չէ, պարզապես եղել են նպաստող գործոններ՝ ակտիվ շփումներ, ներկրումներ, տուրիզմ»:
Այն հարցին՝ արդյոք նույն վիճակը կլինե՞ր, եթե խիստ ռեժիմով պահպանվեր հակահամաճարակային կանոնները, համաճարակաբանն ասաց, որ դրանք 100 տոկոսով արդյունավետ չեն, այլ միտված են դեպքերի թվերի նվազեցմանը, սակայն յուրաքանչյուր անհատի քայլը, դրա պահպանման համար, դառնում է հանրային ձեռքբերում ու ողջ հանրապետության համար վարակի կանխարգելում: Եթե ամեն մեկը գիտակցի, որ իր դիմակ կրելն ու պատվաստվելը նաև դիմացինի կյանքի համար է՝ կունենանք դրական արդյունքներ ու հակահամաճարակային կանոնները ամբողջությամբ ցույց կտան իրենց էֆեկտիվությունը:
Մոտ ապագայում դեպքեր կրկին կլինեն. մոտակա տարիներին դրանից ձերբազատավել չի ստացվի ու դա կտևի այնքան ժամանակ մինչև հետինֆեկցիոն ու հետպատվաստումային իմունիտետ ունեցողների թիվը կգերազանցի 70 տոկոսը: Հիմա միայն մեկ դրական արձանագրում կարող ենք անել՝ ծանր դեպքերի թիվը նվազել է, դեպքերի ընդամենը 0.2 տոկոսը ծանրահեղ ծանր: Սա էլ իր հերթին պայմանավորված է՝ շտամով ու պատվաստումային գործընթացով, որը նվազեցնում է ծանր դեպքերի հավականութունը:








































