Ռուսաստանն ու Իրանը այժմ պետք են միմյանց, անվտանգության թեմայով համաժողովի ժամանակ պատասխանելով իրեն ուղղված հարցին ասել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը, որն ի դեպ օրերս ռեգիոնալ այցով ժամանել էր Կովկաս: Բըրնսի այցը նախորդել էր Թեհրանում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը, որտեղ Պուտինը, Ռայիսին ու Էրդողանը քննարկում էին Սիրիայի, Կովկասի և այլ հարցեր: Այդ հանդիպումն ի դեպ աչքի ընկավ Պուտինի ու Էրդողանի հետ առանձնազրույցներում Իրանի հոգևոր առաջնորդի՝ հայ-իրանական սահմանի առնչությամբ արված անդրադարձերին: Էրդողանին նա ասել էր, որ Թեհրանը կողմ է ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակմանը, բայց եթե խոսք կարող է լինել հայ-իրանական սահմանի արգելափակման մասին, ապա Թեհրանի համար դա անընդունելի է: Այդ սահմանը հազարամյակների հաղորդակցության ճանապարհ է, ասել էր Խամենեին:
Պուտինի հետ հանդիպմանը նա ասել էր, որ Իրանը չի հանդուրժի հայ-իրանական փակ սահման: Առանցքային հարցն այն էր, թե ինչու՞ է Թեհրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Պուտինի և Էրդողանի հետ հանդիպումներում անդրադարձել այդ թեմային: Նրա անդրադարձը հուշում է, որ թեման եղել է եռակողմ հավաքի օրակարգում, թեկուզ անուղղակի, սակայն էական ներկայությամբ: Ավելին, այդ հանգամանքը ընդգծվում էր թերևս նրանով, որ բացի Պուտինին ու Էրդողանին ուղղված խոսքերի, Իրանի հոգևոր առաջնորդը իր դիրքորոշումները մեկ անգամ էլ շեշտել էր իրանյան հավաքին հաջորդած թվիթերյան գրառումով, ինչը առավել քան խորացնում է հարցը, թե ինչու՞ էր նա այդքան կարևորություն տվել այդ շեշտադրումներն անելուն: Իսկ պատասխանը գուցե տալիս է ԱՄՆ ԿՀՎ պետը՝ ամերիկյան հանաժողովում իր հայտարարության մեջ, որտեղ նշելով, թե Իրանն ու Ռուսաստանը ունեն միմյանց կարիք, նա ընդգծում է նաև, թե դա չի նշանակում, որ նրանք վստահում են միմյանց: Իրանի հոգևոր առաջնորդի շեշտադրումները գալիս են թերևս անվստահությունից, թե Էրդողանի, թե բնականաբար Պուտինի հանդեպ, այն անվստահությունից, որ ռեգիոնալ հաղորդուղիների հարցում Ռուսաստանը կարող է գործել ավելի շատ ոչ թե Իրանի, այլ ԱՄՆ ու Թուրքիայի հետ համահունչ: Իսկ այդ «անվստահության» առիթ կարող էր լինել այն, որ ԿՀՎ տնօրենի կովկասյան ռեգիոնալ այցին գործնականում հաջորդեց ՌԴ հետախուզության ղեկավար Նարիշկինի այցը, ինչը տվեց թերևս ոչ անհիմն եզրահանգումների տեղիք այն մասին, որ ԱՄՆ և ՌԴ հնարավոր է անուղղակի երկխոսություն են ծավալել Կովկասում՝ Երևանում ու Բաքվում, ուր հաջորդաբար այցելեցին երկու երկրների հետախուզությունների ղեկավարները:
Ռուսաստանը, որ ներկայումս գտնվում է ուկրաինական պատերազմի բավականին ծանր բեռի տակ, գուցե Իրանի վստահությունը շահելու նպատակով է նաև, որ գնացել է իրանական նավթային ենթակառուցվածքներում 40 միլիարդ դոլարի ներդրում անելու պատրաստակամության, ինչի վերաբերյալ համաձայնագիրը կնքվեց Պուտինի թեհրան այցի ընթացքում՝ Գազպրոմի և Իրանի պետական նավթային ընկերության միջև: Դա ծրագիր է, որը երկու երկրների շահերը համադրելու է այն ոլորտում, որտեղ այդ շահերը բախվում են՝ նավթ և գազ, հաշվի առնելով, որ Ռուսաստանն էլ, Իրանն էլ ներկայումս բարդ աշխարհում ունեն առավել շատ գազ ու նավթ վաճառելու կարիք և հետևաբար նրանք ստացվում են մրցակիցներ: 40 միլիարդը այդ մրցակցությունը չեզոքացնելու կամ կառավարելու, «փայատիրության» վերածելու համար է: «Իմ գլխի սպիտակ մազերի մեծ մասը առաջացել է երկար տարիների ընթացքում ռուսների և իրանցիների հետ բազմաթիվ բանակցությունների հետևանքով», հայտարարել է ԿՀՎ տնօրեն, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բըրնսը, ասելով, թե «նոստալգիա» չի ապրել, երբ հետևել է Պուտինի և Իրանի հոգևոր առաջնորդի հանդիպման կադրերին:











































