Սեպտեմբերի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած համապետական հանրահավաքի սպասումը առաջ է բերել որոշակի հարցադրումներ, որոնք կապված են ընդդիմության ասելիքի և անելիքի հետ:
Ընդդիմության ասելիքի և անելիքի, կամ անելիքի մասին ասելիքի շուրջ դատողությունից և հարցադրումներից բացի, թերևս ժամանակն է բարձրացնել մեկ այլ հարցադրում` սպասելիքը: Ո՞րն է սպասելիքը ընդդիմության հանրահավաքից: Այսինքն` կա մի քաղաքական ուժ, որն աներկբա տնօրինում է քաղաքական դաշտի ընդդիմադիր տարածությունը: Բայց այդ քաղաքական ուժի դիմաց կա նաև հասարակություն, քաղաքացի, որը այդ տնօրինությանն ականատես կամ ունկնդիր լինելուց բացի, նաև ինչ-որ բան է սպասում այդ քաղաքական ուժից: Ընդ որում` սպասում ասվածը, թերևս, վերաբերում է նախևառաջ խոսքին, գուցե առավելապես կամ հենց գլխավորապես խոսքին: Գործողությունների մասին պետք է խոսել խոսքից հետո, քանի որ քաղաքականության մեջ հենց խոսքն է գործողությունների շարժիչը:
Ահա այդ իմաստով շատ կարևոր, բայց թերևս մինչ այժմ երբեք չբարձրաձայնված հարցադրում է, թե իսկ ի՞նչ է սպասում հասարակությունը, քաղաքացին ընդդիմությունից, մասնավորապես սեպտեմբերի 9-ի հանրահավաքին: Տվյալ պարագայում հասարակություն կամ քաղաքացի ասելով` նկատի չունեմ այն շերտին, որը ընդդիմության անվերապահ համակիրն է և սպասման իմաստով հենց միայն ընդդիմության ու նրա առաջնորդների հարթակի վրա լինելու փաստով արդեն իսկ բավարարված սպասում է: Սակայն քաղաքական անհեռատեսություն և քաղաքական անգրագիտություն կլինի չնկատելը, որ կա հասարակության ոչ պակաս մի շերտ, որի համար քաղաքականությունը շատ ավելի պրագմատիկ դիտարկման նյութ է, և մարդիկ գերադասում են առաջնորդվել նրանով, թե ինչ է իրենց տվյալ պահին առաջարկում տվյալ քաղաքական ուժը խնդիրների կոնկրետ լուծման կամ կոնկրետ դիտարկման տեսանկյունից: Ահա, ինչ է սպասում հասարակության այդ կարևոր շերտը ընդդիմության հանրահավաքից, ինչ խոսք է ակնկալում լսել: Թերևս վատ չէր լինի, եթե ընդդիմության առաջնորդները ամեն հանրահավաքից, և մասնավորապես սեպտեմբերի 9-ի հանրահավաքից առաջ իրենք իրենց տային այդ հարցը, իսկ եթե չեն տվել մինչ այժմ, ապա հասցնեին դա անել, քանի որ քիչ, բայց ժամանակ այդուհանդերձ կա, որպեսզի ընդդիմության հերթական խոսքը չնմանվի չլիցքավորված փամփուշտի կրակոցի: Շատ հաճախ հասարակությունն ինքը կդժվարանա ձևակերպել իր սպասումը, բայց քաղաքական ուժի հմտությունն այն է, որ թե՛ իրավիճակի գնահատման համարձակ պրագմատիզմի, թե՛ մարդկային ինտուիցիայի շնորհիվ կարողանա ընկալել հանրային այդ սպասումը և ներկայացնել մի խոսք, որը լսելուց հետո հանրության մոտ այլևս կասկած չի լինի, որ հենց այդ խոսքին էր ինքը սպասում:
Ասել, թե ներկայիս ընդդիմության առաջնորդների համար այդ իրողությունը անհասանելի է, թերևս կլինի սխալ, քանի որ կա նախադեպ, երբ նրանք իսկապես ասել են այն խոսքը, որին սպասում էր հասարակությունը, և որը գտել է համարժեք ռեզոնանս: Սակայն դա արդեն անցյալում է, ոչ հեռու, սակայն անցյալում, իսկ իներցիան էլ արդեն բավականաչափ կորցրել է իր ուժը, և արդեն եթե կա էլ, ապա ոչ այն չափով, որ ունակ լինի հասարակության մոտ արթնացնել համարժեք ազդակներ: Այդ իսկ պատճառով այսօր, թերևս, թիվ մեկ խնդիրը հասարակության սպասելիքի շուրջ խորհելն է: Բանն այն է, որ երբ արվի դրա փորձը, ապա թերևս բացվում է «անապատի» մի տեսարան, նկատվում է փակուղին, որտեղ ակնհայտ է դառնում, որ շատ դժվար է ձևակերպել, թե որպես քաղաքական ուժի պատվիրատու` ի՞նչ սպասում ունի հասարակությունն ընդդիմության առաջիկա հանրահավաքից, ի՞նչ է ակնկալում լսել, ինչի՞ մասին, ի՞նչ շեշտադրումներով:
Բանն այն է, որ վերջին շրջանում թե՛ իշխանությունը, թե՛ մյուս կողմից էլ` ընդդիմությունը հանրության ականջն այնքան են ծանրաբեռնել աշխարհաքաղաքականությամբ, գլոբալ գործընթացներով, մի կողմից` դրանց փրկիչ ազդեցության, մյուս կողմից` դրանց բերելիք սարսափների մասին քարոզչական շեփորումներով, որ երևի թե միակ հստակ բանը, որ մարդիկ կարող են սպասել, դա պարզապես իրենց խնդիրների, որպես այս երկրի քաղաքացի, որպես այս երկրում ապրող մարդ իրենց հուզող խնդիրների մասին պարզ, անկեղծ խոսքն է: Պարզ խոսք, որի առանցքը զերծ է թե՛ «ավանդական» քննադատական ֆրազալոգիայից, թե՛ «դասական» աշխարհաքաղաքական վերլուծություններից, թե՛ «հեղափոխական» պաթոսից: Այդ ամենն ընդդիմությունը թող պահի այն օրերի համար, երբ կիրականանան իր աշխարհաքաղաքական վերլուծությունները: Իսկ առայժմ հարկավոր է վերականգնել հասարակության հետ օրգանական կապը, այն դուրս բերել երկխոսության արդյունքում մարող իներցիայի շրջանակից և դնել առօրյա հիմքի վրա:








































