Վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը կարծում է, որ 44-օրյա պատերազմից հետո պետք էր դուրս գալ փողոց և ազգովի պահանջել միջազգային խաղաղապահներ․ «Այդպես էլ չհասկացանք ընդվզման ու խոսքի ուժը: Եթե ժամանակին դուրս գայինք փողոց և Խծաբերդը չէինք կորցնի, և Փարուխի դեպքը չէր լինի: Առաջին մեզ ուտողը Ռուսաստանն է, բացի ՌԴ-ից ոչ ոք չի ուզում մեզ զրկել սուվերենությունից»:
Չիբուխչյանը վստահ է, որ Մոսկվան խանդով է վերաբերում Վրաստանում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը․ «Այս հանդիպման մանրամասները Մոսկվայում չեն իմանալու, որից խանդը մեծանում է»:
Վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ դեմոկրատների իշխանությունը փորձում է ամեն գնով մեզ համար Սյունիքը պահել․ «Այս փուլը պարտվել ենք․ եթե սկսենք Արցախի հարցով պահանջներ ներկայացնել, Արևմուտքը կհասկանա՝ դասեր չենք քաղել: Արցախը պետք է գնա Կոսովոյի օրինակով, բայց արցախցիները այլ ցանկություն ունեն: Արցախը մեզ հասկացնում է՝ տվեք Սյունիքը, մենք մնանք ՌԴ ազդեցության տակ․ սա ցավալի է: Սյունիքը մեր ողնաշարն է․ կորցրեցինք Սյունիքը, կորցնելու ենք Հայաստանը: Սյունիքի միջանցքը մեզ համար ճակատագրական է․ մեր խնդիրը այսօր այն պահելն է»:








































