«WikiLeaks-ի փաստաթուղթը բավական հին թվագրության է` 2003 թ., և այս ընթացքում օլիգարխիան ավելի է զարգացել: Այս մասին ցուցանիշը ՀԱԿ-ը ներկայացրել է իշխանությունների բանակցային պատվիրակության խմբին: Ներկայացվել են առնվազն 76 պատգամավորներ, որոնք, խախտելով ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը, իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն և խորհրդարանից «կռիշ» կանգնում իրենց բիզնեսներին»,- այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը` անդրադառնալով հայաստանյան օլիգարխիայի մասին WikiLeaks-ի գաղտնի փաստաթղթերին:
«Օլիգարխների շարքը կարելի է լրացնել նաև ՀՀ կառավարության անդամների ցանկով, որոնք նույնպես, Սահմանադրության 88-րդ հոդվածը խախտելով, իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն և ընդլայնում օլիգարխիայի շարքերը: Վերջերս վկայություններ են հայտնվել, որ ՊԵԿ նախագահը 200 մլն եվրո արժողությամբ կապիտալ է ձեռք բերել Ավստրիայում: Ցանկը կարելի է լրացնել բազմաթիվ իրավապահ մարմինների շարքով, չմոռանանք, որ այն գլխավորում է երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին տեղեկություններ են գրանցվել ռուսական մի քանի կայքերում»,- ավելացրեց տնտեսագետը:
«Օլիգարխիան ՀՀ-ում ծաղկում է, բզկտում բնակչությանը, պատճառ դառնում գործազրկության աճին (շուրջ 40%), աղքատության խորացմանն ու ընդլայնմանը (շուրջ 70%), նպաստում երկրից արտագաղթի ահագնացող տեմպերին (օրական 250-300 մարդ): Այս ամենի վերջը տալու ժամանակը վաղուց արդեն եկել է: Ժամանակն է, որ ժողովուրդն իր վճռորոշ խոսքն ասի օլիգարխիայի դեմ մղվող պայքարում»,- եզրափակեց Մ.Արիստակեսյանը:






































