«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Կարեն Սարգսյանը
Պարոն Սարգսյան, թևե ԵԱՏՄ մակարդակով Երևանում և Մոսկվայում խոսում են տեղական արժույթով առևտուրը խթանելու մասին, բայց մեր բանկերում իրավիճակն այնպիսին է, որ ռուբլով հաշվին կանխիկ գումար մուտքագրելիս 5 տոկոս վճար են սկսել գանձել, ինչը որոշակի դժվարություններ է առաջացնում գործարարների շրջանում: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, արդյոք խնդրահարույց չեք համարում:
Այստեղ ոչ թե բանկերի հարստացման հարց է դրված, այլ բանկերը փորձում են իրենց ռիսկերը կարգավորել: Ռուսական ռուբլին ինչքան էլ արժևորվել էր, բայց փոխարժեքը տատանողական է: Մասնավորապես, վերջին 2 շաբաթվա ընթացքում ռուբլու փոխարժեքը բավականին մեծ տատանողականություն է գրանցել դոլարի նկատմամբ: Ինչ-որ պահի դոլարի փոխարժեքը 50 ռուբլու հասավ, հիմա, եթե չեմ սխալվում, 58-59 ռուբլու շրջակայքում է: Այդ տատանումը բանկերի համար մեծ ռիսկ է պարունակում, և այս պայմաններում, կարծում եմ, իրենց ռիսկերը փորձում են նման կերպ զսպել: Երկրորդը, հայկական բանկերը դեռևս Ռուսաստանի հետ միասնական հարթակ չունեն և երրորդ երկրների բանկերի միջոցով պետք է իրականացվի: Այսինքն SWIFT համակարգից ռուսական բանկերի արգելափակումը մեծ խնդիրներ է առաջացնում, փոխանցումներն ավելի թանկանում են:
Շատերը նշում են, որ սա բանկերին հաստացնելու, «փայատեր դարձնելու» հնարավորություն է:
Ես չեմ ուզում նման ձևակերպում տալ, որովհետև իրոք, արտարժութային ռիսկերը հիմա բավականին բարձր են, թե ռուսական ռուբլու, թե հայկական դրամի, թե ցանկացած արժույթի տեսանկյունից: Մենք տեսանք, թե ինչ կատարվեց եվրոյի հետ, որի փոխարժեքը հավասարվեց դոլարի փոխարժեքին: Վերջին 20 տարում երբևէ չէր եղել, որ մեկ դոլարը հավասար լիներ մեկ եվրոյի: Սա խոսում է արտարժույթի շուկայում մեծ տատանողականության մասին, անորոշությունները բավական բարձր են, հետևաբար, այս իրավիճակում ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, այդ թվում առևտրային բանկ, փորձում է ռիսկերը զսպել, իսկ ռիսկերը զսպում են նման բարձր մարժաների տոկոսադրույքների միջոցով, որովհետև թեկուզ աննշան տատանումների դեպքում բանկի կորուստը բավական մեծ կարող է լինել: Այսինքն մինչև վճարման վերջնական ընդունումը բանկի կողմից, հնարավոր է այդ ռուբլին որոշակիորեն արժեզրկված լինի:
Դրամի արժևորումից ամենաշատը տուժում են արտահանող ընկերությունները, ընդհուպ փակման վտանգի առջև են կանգնած: Ձեր կարծիքով ո՞վ է առաջին հերթին տուժում դրամի արժևորումից և ինչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունն այս փուլում:
Արտահանողներն, այո, որոշակիորեն կտուժեն, հատկապես այն երկրներ արտահանելիս, որտեղ առևտուրը տեղի է ունենում դոլարով և եվրոյով: Բայց խնդիրը հետևյալն է. նախևառաջ պետք է հասկանանք, թե գնաճի ինչ պայմաններում է դա իրականացվում, ԵՄ կոնկրետ որ երկիր է արտահանվում: Մենք ԵՄ-ն որպես մեկ շուկա ենք դիտարկում, սակայն այնտեղ տարբեր երկրներում գնաճի տեմպերը տարբեր են՝ սկսած 7-8 տոկոսից, վերջացրած 16-17 տոկոսով: Եթե մենք խոսում ենք այն երկրի մասին, որտեղ կա 15 տոկոսանոց գնաճ, պա փաստացի այն ապրանքը, որն արտադրվել է որոշակի գնով, կվաճառվի ենթադրենք, 10 տոկոս ավել գնով: Սա գնաճի հետևանքն է, և որևէ մեկը այն չի կարող անտեսել: Եթե բոլոր գները բարձրանում են, չի կարող մի ապրանքի գինը մնա անփոփոխ: Հայկական դրամն արժևորվել է մոտավորապես, 12-14 տոկոսով, և այս պայմաններում, եթե տնտեսվարողն իր ապրանքը արտահանում է մի երկիր, որտեղ գնաճը, ենթադրենք, 15 տոկոս է, ապա այդ տնտեսվարողը դեռ 3 տոկոս էլ ավելի շատ հուսույթ պետք է ստանա եվրոյով: Եթե այդ եվրոն դարձնում ենք դրամ, այստեղ հաշվի առնելով փոխարժեքի մարժան, մոտավորապես, գալիս է այն գումարը, որը ինքը ստանում էր մինչև ռուս-ուկրաինական պատերազմը և մինչև դրամի արժևորումը: Այսինքն շատ բան կախված է նրանից, թե որ երկրի շուկայում ենք մենք այդ արտահանումն իրականացնում և ինչ գնաճի տեմպեր կան այնտեղ: Իսկ եթե ասենք, ապրանք ես արտահանում մի երկիր, որտեղ գնաճը 7 տոկոս է, իսկ դրամը եվրոյի նկատմամբ արժևորվել է 12 տոկոսով, ապա արտահանողը 5 տոկոս տուժում է:
Եթե գլոբալ ենք նայում, մեր հիմնական շուկան Ռուսաստանն է արտահանման մասով: Ճիշտ է, հիմա կան որոշակի տեխնիկական լոգիստիկ խնդիրներ, սակայն ՌԴ-ն շարունակում է մնալ առաջին տեղում: Երկրորդ տեղում ԵՄ-ն է, սակայն դեպի ԵՄ արտահանումը բարդանում թե էլի լոգիստիկ խնդիրների պատճառով, թե այն պատճառով, որ GSP+ համակարգը Հայաստանի համար այլևս չի գործում, քանի որ Հայաստանը համարվում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր: Այսինքն տեղական ապրանքների մրցունակությունն ավտոմատ կերպով ընկել է, մեր տնտեսվարողները պետք է իրենց գործունեությունը համապատասխանեցնեն նոր իրականությանը, որը որոշակի ժամանակ է պահանջում:
Իսկ եթե մենք նայում ենք գնաճի տեմպերը Ռուսաստանում և Հայաստանում, ապա եթե ՀՀ-ում այն մոտ 10 տոկոս է, ապա Ռուսաստանում 17 տոկոս է: Այսինքն ռուսական ռուբլու նկատմամբ դրամը էականորեն չի արժևորվել, բավական կայուն միջակայքում է տատանվում: Այս առումով քանի որ Ռուսաստանի հետ գործարքները ռուբլով են իրականացվում, ոչ մեկը Ռուսաստանում չի ստիպում քեզ դոլարով գործարք իրականացնել, և այս իրավիճակում, եթե մեր տնտեսվարողն իր հասույթը ստանում է ռուսական ռուբլով, բերում է Հայաստան, ուզում է վերածել դրամի, ինքը միայն բարձր մարժայի արդյունքում է որոշակի տուժում, որովհետև ռուսական ռուբլու առքի և վաճառքի միջև բավական մեծ միջակայք կա:











































