Գերմանիան հայտարարել է, որ օգոստոսի 1-ից կձերբազատվի ռուսական ածխից, իսկ դեկտեմբերի 31-ից էլ ռուսական նավթից կախվածությունից: Կմնա գազը, որն իհարկե շատ ավելի բարդ է, բայց կասկած չկա, որ ածխից և նավթից կախվածությունը Գերմանիային կտա զգալիորեն ավելի ազատ լինելու հնարավորություն: Եվ, որքան էլ հնչի տարօրինակ, Բեռլինի այդ ազատությունը վերաբերելի է ոչ միայն, և գուցե նույնիսկ ոչ այնքան Ռուսաստանից կախվածության նվազմանը, այլ ընդհանրապես եվրոպական աշխարհամասի առաջատարի առավել ազատ քաղաքականությանը, հատկապես նոր իրողությունների համատեքստում:
Բանն այն է, որ Ռուսաստանի էներգետիկ կախվածությունը հանգեցնում է մի վիճակի, երբ Բեռլինը ստիպված է մի կողմից Ռուսաստանի ուղղությամբ պահել նվազագույն լոյալություն, մյուս կողմից դրա համար արդարանալ արևմտյան այն խաղացողների հանդեպ, որոնք ի զորու են վարել շատ ավելի բազեական քաղաքականություն ՌԴ հանդեպ և այդ քաղաքականությունն էլ դիտարկում են Եվրոպայի հանդեպ ռազմա-քաղաքական գերիշխանության միջոց կամ ճանապարհ: Այդ իրավիճակը Գերմանիայի համար իհարկե բացարձակ նույնական չէ հետ երկրորդ համաշխարհային իրադրությանը, երբ Գերմանիան նվաստացված վիճակում էր, բայց Եվրոպայի առաջատարի համար նվաստացուցիչ է նաև այն, որ իր առաջատարության գոտում ռազմա-քաղաքական եղանակ թելադրվում է մեծ հաշվով բրիտանա-ռուսական դիմակայության տրամաբանությամբ, ստիպելով Բեռլինին «կիսվել» երկու կողմերի միջև: Իսկ այն, որ Գերմանիան բոլորովին չունի այդպիսի նպատակ և մտորում է շատ ավելի լուրջ ռազմավարական աշխարհաքաղաքական դերակատարման շուրջ, ակնառու էր դեռևս 2022-ի հունվարին, Ուկրաինա ՌԴ ներխուժումից շաբաթներ առաջ, երբ Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխ-ծովակալ Շենբախը Հնդկաստանում տեղի գեներալակազմի հետ փակ քննարկմանը հայտարարել էր, որ Գերմանիան, Ռուսաստանն ու Հնդկաստանը պետք է միասին զսպեն Չինաստանին:
Այդ հայտարարությունն ինչ որ մեկը դուրս բերեց փակ քննարկման սրահից և դարձրեց միջազգային մամուլի նյութ, ինչը Արևմուտքում ընկալվեց շատ սուր և Բեռլինին գործնականում պարտադրվեց գնալ փոխ-ծովակալի հրաժարականի: Ծովակալը իհարկե գնաց, բայց նստվածքն ինչպես ասում են՝ մնաց: Շենբախի կարծիքն անկասկած լոկ անձնական կարծիք կամ գնահատական չէր, այլ գերմանական ռազմա-քաղաքական վերին շերտերում առկա առնվազն ռազմավարական առանցքային պատկերացումներից մեկը, եթե ոչ՝ առանցքայինը: Բայց, այդօրինակ ռազմավարության համար, այդօրինակ նախաձեռնողական դերակատարության համար Բեռլինին անհրաժեշտ է կաշկանդվածության հաղթահարում՝ նախ Ռուսաստանից, և այդ միջոցով նաև արևմտյան քաղաքականության «բազեներից», նրանց առաջ «պարտավորվածի» կամ «մեղավորի» կարգավիճակից: Գործնականում երկու համաշխարհային պատերազմի «պարտության առանցք» դարձած Գերմանիայի համար կա «երրորդ համաշխարհայինում» ճակատագրական պարտությունից խուսափելու թերևս մեկ տարբերակ՝ հաղթել այդ պատերազմում թե Ռուսաստանին, թե «բազեական Արևմուտքին»: Գերմանիայի համար դա չափազանց բարդ խնդիր է, որի այս կամ այն լուծումն իհարկե էական նշանակություն է ունենալու նաև Հայաստանի համար:







































