Անշարժ գույքի շուկայում սպասողական վիճակ է: Ինչպես «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց Դավիթ Հովհաննիսյանը, 2008 թ.-ից հետո անշարժ գույքի շուկայում գործարքների քանակի նվազում է նկատվում, սակայն գների նվազման միտում չկա:
«Բնակարանների գների փոփոխություն չկա: Ավելի շուտ գները միտում ունեն աճելու, քան նվազելու»,- ասաց Դ. Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ եթե նախկինում քաղաքացիներն իրենց պահանջներից ելնելով գնում էին բնակարան՝ կամ անհրաժեշտ էր, կամ պարզապես անշարժ գույքի մեջ էին ներդրում կատարում, հիմա սպասում են. «Ոչ թե փող չունեն, այլ սպասում են: Ռիսկերը մեծ են, և քաղաքացիները փողերից չեն հրաժարվում»:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի շուկայի վերլուծության տվյալների համաձայն՝ 2011-ի հուլիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13,960 գործարք, ինչը 17.7 տոկոսով ցածր է նախորդ ամսվա՝ հունիսի համեմատ և 2.2 տոկոսով բարձր՝ 2010-ի հուլիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հուլիսին, հունիսի համեմատ, նվազել է 10.1 տոկոսով, իսկ անցյալ տարվա հուլիսի համեմատ՝ աճել 1.7 տոկոսով: 3,830 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 73.7 տոկոս: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39.8 տոկոսն արձանագրվել է Երևան քաղաքում:
Բնակարանների շուկայական միջին գները Երևանում այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, աճել են 0.4 տոկոսով:
2011-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 371 գործարք, որից 94-ը՝ Երևանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը, 2011-ի հունիսի համեմատ, նվազել է 21.7 տոկոսով, իսկ մարզերում՝ 3.1 տոկոսով: 2010-ի հուլիսի համեմատ՝ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երևանում նվազել է 7.8 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած՝ 12.9 տոկոսով:









































