«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և սպայական պաշտոն ստացած զինվորականները Երևանում 3 սենյականոց բնակարան կստանան։ ԱԺ-ում նախագիծն ընդունվեց միաձայն։
Բնակարանը տրվելու է անհատույց սեփականության իրավունքով։ Այս կարգավորումը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա։
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական գնահատեց այս փոփոխությունը. «Իհարկե, սա դրական փոփոխություն է: Ընդհանրապես, սպայի աշխատանքը շատ բարդ աշխատանք է և եթե դու սպային տալի ես 250 հազար դրամ, իսկ 250 հազար դրամ ստանում է նաև Երևանի ինչ-որ մի օֆիսում նստած աշխատողը, դա արդեն վատ է: Որովհետև մարդը կցանկանա դառնալ օֆիսի աշխատող, ոչ թե սպա: Իսկ սպան առողջություն է կորցնում, կյանքն է վտանգի տակ, սպայի ընտանիքն է հաճախ քոչվորի կարգավիճակում, որովհետև իրեն կարող է մի օր ծառայության նշանակեն Կապանում, հետո Գյումրիում, հետո Վանաձորում ու այդ պայմաններում սպայի ընտանիքը ստիպված է լինում անընդհատ հավաքել ճամպրուկները, կտրվել իր սոցիալական միջավայրից, երեխաները փոխում են մանկապարտեզ, դպրոց: Այս ամենը հաշվի առնելով միանշանակ սպայի աշխատավարձը պետք է բարձր լինի և այն աստիճանի բարձր, որ մարդն ուզենա սպա դառնալ: Երևանում երեք սենյականոց բնակարանը խթան է, որպեսզի մարդը ընտրի սպայի ուղին, 20 տարի այդ ուղին անցնի, վերջում էլ որպես պարգև այդ բնակարանն ստանա: Սա ճիշտ որոշում է, սպան պետք է բարձր վարձատրվի»,-ասաց ռազմական փորձագետը:
Նա նկատեց, որ երբ մենք սպայի աշխատավարձի պայմանները վատացնում ենք, տարիների ընթացքում բնական ընտրության արդյունքում սպաների մեջ հայտնվում են մարդիկ, որոնք ավելի անճար են, այլ բան չեն կարող անել. «Ավելի ճարպիկ, ավելի ունակ մարդիկ գնում եմ այլ ոլորտներ: Իսկ այս դեպքում նորից կհավաքվեն մարդիկ, որոնք ավելի որակյալ սպաներ կլինեն: Ցանկացած դեպքում սրա արդյունքը հետո կերևա: Պետք է տարիներով, հետևողական այս ամենն անենք, որ 10-15 տարի հետո արդյունք ունենանք: Հաշվի առնենք, որ օրինակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ասենք, 1997-1998 թվականին ավարտած սպաները, որոնք 2000-ականների սկզբին բավական լավ աշխատավարձ ունեին, ամեն ինչ լավ էր, այդ որակի ընկնելը մենք զգացինք 2010-ականների կեսերից: Այսինքն 10 տարում է այդ երկարաժամկետ ներդրումն արդյունք ունենում»,-ընդգծեց Մհեր Հակոբյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ 44-օրյա պատերազմից հետո շատ էր նշվում, որ բայորալքված բանակ ունենք, որ սպայակազմը պետք է փոխվի, և այդ ֆոնին սա անհրաժեշտ փոփոխություն է, նա արձագանքեց, որ այո, անհրաժեշտ էր, բայց դա անմիջական արդյունքներ չի տա, հեռանկարային արդյունք կտա. «Երբ մենք սրա արդյունքը զգանք, այդ ժամանակ կարող է այս կառավարությունը չլինի էլ: Այսինքն սա հեռանկարային քայլ է, այնպես չէ, որ արեցիր ու վաղը արդյունքը տեսնելու ես: Այս առումով այսօր անմիջականորեն պաշտպանական ոլորտի առջև կանգնած խնդիրները լուծելու համար սա այնքան էլ գործուն միջոց չէ: Սա երկարատև ներդրում է: Օրինակ, երբ կրթության մեջ ներդրում ես անում, այդ պահին արդյունք չես տեսնում, բայց տարիներ հետո դա հետ է գալիս»,-ասաց նա:
Մհեր Հակոբյանը վստահ է, որ այս փոփոխությունը կմեծացնի հետաքրքրությունը ռազմաուսումնական հաստատությունների նկատմամբ. «Օրինակ, ընտանիքում 2-3 եղբայր են, նրանք կընտրեն սպայի մասնագիտությունը, բնակարանի խնդիրը կլուծեն: Որովհետև այն վիճակը, որում գտնվում է մեր սպայակազմը, շատերը մտածում են՝ ավելի լավ է մարդը այդ աշխատավարձով մատուցող աշխատի, քան գնա, դառնա լեյտենանտ, ընկնի դիրքերով և այլն»:
Ռազմական փորձագետը կարծում է, որ սպան պետք է պետական ծառայողի միջին աշխատավարձից բարձր աշխատավարձ ստանա. «Օրինակ, եթե պետական հիմնարկում ունենք, ասենք, գլխավոր մասնագետ և այդ գլխավոր մասնագետին հավասարեցնում ենք մայորին, մայորը պետք է այդ մասնագետից բարձր ստանա»,-ասաց նա:









































