«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը
Պարոն Մակարյան, տեղի ունեցավ Հայ-նիդերլանդական գործարար օրերի և Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացման արարողությունը։ Նիդերլանդները ինչպիսի՞ տնտեսական հետաքրքրություններ ունի Հայաստանում, ներդրումային կարողությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կառուցապատման ոլորտներում ինչպե՞ս եք գնահատում։
–Հոլանդիան աշխարհի զարգացած լավագույն երկրներից մեկն է։ Հոլանդիայի հետ համագործակցությունը Հայաստանում արդեն 20 տարվա պատմություն ունի, որը սկսվել է կարտոֆիլի բարձր որակի սերմացուի մթերումից, վերջացրած գյուղատնտեսական տարբեր նախագծերով։
Երկրորդ ոլորտը, որտեղ Հայաստանը Հոլանդիայի հետ համագործակցում է, այն է, որ հոլանդացի փորձառու մասնագետները, որոնք անցնում են թոշակի, կամավորականների համակարգում գրանցվում են և գալի Հայաստան:
Բացի այդ, Հոլանդիան ունի էլեկտրախնայողական տեխնոլոգիաներ էներգետիկայի ոլորտում տարբեր արդյունաբերական ճյուղերում և իր համախառն ներքին արդյունքով, իր հզորություններով լավագույն զարգացած երկրներից մեկն է։ Եվ հիմա Հայաստանի համագործակցությունը նման երկրի հետ միայն օգտակար է և օրինակելի, որովհետև իրենք կարող են միայն առաջադիմական տեխնոլոգիաներ փոխանցել, ինչը կարևոր է։
Եվ եթե այնտեղից կան ներդրողներ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել, ապա դա ընդունելի է, քանի որ երկիրը հարուստ է, ունի միջոցներ և կարող է մասնավոր կամ պետական ձևաչափով տարբեր ոլորտներում ներդրումներ անել։
Հոլանդիայի հետ կապերի ակտիվանալը պայմանավորված է նաև դեսպանի ներկայությամբ, նա տարբեր ծրագրեր է իրականացնում։ Հոլանդիայի հետ Հայաստանի համագործացությունը կարևոր է նաև պարենի անվտանգության տեսանկյունից, քանի որ հոլանդական տեխնիկան, ջերմոցային տեխնոլոգիաները շատ կարևոր են։
Թվում է, թե Հոլանդիան միայն գյուղատնտեսական երկիր է, բայց ոչ, Հոլանդիան նաև արդյունաբերական երկիր է, և լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Չմոռանանք, որ 90-ականներին մեր շատ քաղաքացիներ հեռացան Հայաստանից և այնտեղ են բնակվում։ Հայկական մեծ համայնք կա, որը էականորեն դիրքավորվել են։ Կարծում եմ՝ սա նաև Սփյուռքի հետ կապը կլավացնի։ 90-ականների հեռացած մարդկանց զավակները երիտասարդներ են, որոնք կարող են մտնել աշխատաշուկա, բիզնես։ Ես ողջունում եմ այս լավ տրամադրությունը, որը հոլանդական բիզնեսը և Հոլանդիայի կառավարությունը ներկայացնում են և այն ուղղված է դեպի Հայաստան։ Բացի այդ, հաշվի առնենք, որ Նիդեռլանդները որպես թագավորական երկիր, իր կուլտուրայով բարձր է, այնտեղ գտնվում են միջազգային կենտրոններ, այն շատ զարգացած ճարտարապետական շինարարական լուծումներ ունի, որոնք կիրառվում են Հոլանդիայի տարբեր քաղաքներում, և կարող է լինել նաև շինարարության ոլորտում համագործակցություն։
Նախօրենին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իսպանիայում էր, որտեղ հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ։ Նա նշել է, որ Հայաստանի և Իսպանիայի առևտրատնտեսական կապերը հասնում են մինչև երկինք։ Ինչպիսի՞ պոտենցիալ կա Հայաստան-Իսպանիա տնտեսական կապերի զարգացման համար։
Դեռևս 15 տարի առաջ Իսպանիան շատ մեծ հաջողություններ ունեցավ և մինչև հիմա այդ հաջողությունները պահպանվում են տարբեր շինարարական նյութերի, մեկուսիչ նյութերի, տարբեր ավտոմատացված հոսքագծերի արտադրությունների ոլորտում: Մինչ այդ շատերը միայն Գերմանիայի, Ֆրանսիայի կամ Իտալիայի մասին գիտեին, բայց Իսպանիան դեռևս 15 տարի առաջ բավական ցայտուն կերպով տեխնոլոգիաներ զարգացրեց, հատկապես նաև շինարարության ոլորտում: Ես կարծում եմ՝ Իսպանիայի հետ համագործակցությունն էլ է հետաքրքիր, որովհետև կարող ենք այնտեղից տեխնոլոգիական էժան հոսքագծեր, ժամանակակից շինարարական նյութեր ստանալ, որոնք վերաբերում են կանաչ էկոնոմիկային: Մենք կարող ենք նաև համատեղ արտադրություններ ստեղծել:
Իսպանիայում լավ զարգանում է նաև փոքր բիզնեսը, նաև գյուղատնտեսությունը և այդ առումով այն Հայաստանի համար ուսուցանելի է: Կարծում եմ՝ Իսպանիան էլ այն երկրներից մեկն է, որը շատ ջերմ ձևով հակված է համագործակցել Հայաստանի հետ: Տեսեք, Գերմանիան շատ է խոսել Հայաստանի հետ համագործակցության մասին, այստեղ գործունեություն է ծավալում, ակտիվ է, բայց գերմանական ծրագրերն ավելի շատ կրթական ոլորտին են առնչվում: Ֆրանսիան էլ, ճիշտ է, այստեղ ունի գործարաններ, բայց մեծ արդյունաբերական ծրագրեր չեն արել Հայաստանում: Այս տեղանկյունից հետաքրիր է, որ որոշ երկրներ զգուշավոր են, կամ հետաքրքրություն չունեն արդյունաբերության լորտում համագործակցելու առումով, կամ ունեն ինչ-որ քաղաքական ենթակայություններ, թե որ տարածաշրջանում բիզնես զարգացնել կամ չզարգացնել: Ամեն դեպքում եվրոպական երկրների մուտքը դեպի Հայաստան շատ կարևոր է:
Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստան-Եվրոպա առևտրատնտեսական կապերն ու ապրանքաշրջանառությունը նոր թափ են ստանում:
Իհարկե, որովհետև 6-7 տարի առաջ ԵՄ-ն Հայաստանի համար առաջին առևտրային գործընկերն էր, Ռուսաստանը գտնվում էր տեղում, բայց հիմա Ռուսաստանն է առաջին տեղում, Եվրոպան նահանջել է նաև ԵԱՏՄ-ին մեր հարելու հետևանքով: Նաև այն պատճառով, որ Եվրոպական ֆիրմաները չավելացան Հայաստանում, ակտիվությունը չուժեղացավ: Եվ հիմա եվրոպական երկու լավ երկրների ակտիվությունը դրական է և ուսանելի: Դա կարող է վարակիչ լինել այլ երկրների համար: Աշխարհում վերադասավորւմները բերում են նաև բիզնեսի վերադասավորումների, որը էականորեն կարող է փոխել տնտեսական վիճակը: Հայաստանը նման երկրների համար, կոպիտ ասած, ուղղակի խոպան է, որովհետև ինչ ասես՝ կարելի է անել, քանի որ մենք շատ հարցերում շատ հետ ենք Եվրոպայից: Ջերմոցային բիզնեսում հետ ենք, գյուղատնտեսության բիզնեսում ահավոր հետ ենք, անասնաբուժության հարցերում հետ ենք, շինարարության հարցերում, որ այդքան ակտիվ ենք, էլի շատ հետ ենք, մեր շատ տեխնոլոգիաներ հին են: Արդյունաբերության մեջ ընդհանրապես հետ ենք, սննդի արդյունաբերությունը շատ նեղ, մի քանի ուղղությունով է միայն զարգանում՝ կաթնամթերք, պանիր, պահածո, հյութեր, համարյա ուրիշ բան չունենք: Այսինքն մենք նման երկրների համար ուղղակի գտածո ենք, որոնք կարող են իրենց բոլոր այդպիսի ծրագրերը իրականացնել: Նույնիսկ այն դեպքում, երբ այդ տեխնոլոգիաները մի փոքր հնացել են, իրենց ձեռնտու է այդ տեխնոլոգիան իրենց երկրից տանել: Եթե նույնիսկ 3-4 տարի առաջվա տեխնոլոգիան բերեն Հայաստան, դա փայլուն ցուցանիշ կլինի Հայաստանի համար:










































