«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը։
-Պարոն Խաչատրյան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը բավականին կոշտ կերպով անդրադարձել է Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման որոշմանը։ ՌԴ դեսպանատունը նշում է, թե ամեն ինչ կլիներ նորմալ, եթե չլիներ այն հանգամանքը, որ Կանադան դեսպանատան բացումը դիտարկում է նաև «ՌԴ ազդեցությանը հակազդելու» քայլերի շրջանակում: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության վերաբերյալ, այն ի՞նչ վտանգներ է պարունակում ներկայիս փուլում։
–Ռուսաստանի այսօրինակ քաղաքականության մասին շատ ենք խոսել, ես հատուկ վտանգներ չեմ տեսնում։ Բայց կա մի խնդիր․ դու 25 տարի «փալաս» ես եղել, իսկ այսօր սահմանիդ կանգնած են ռուսները։ Ես նման քաղաքականությունը սովորական եմ համարում, անողնաշար պետությունը ինքնուրույն քայլ չի կարող անել, պարտադիր պետք է ենթարկվի ավելի խոշոր պետությանը։ Այսօր հրամայական է, որ պետությունն ինքնուրույն լինի ու սեփական ժողովրդի համար ինքնուրույն որոշում կայացնի, փակի ցանկացածի բերանը՝ եթե դա բխում է սեփական անվտանգության անհրաժեշտությունից։
Ես իմ հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ այն ինչ կատարվում է այսօր Հայաստանի հետ՝ միայն այսօրվա խնդիրը չէ, հիմքը, բազան ամբողջությամբ սխալ է։Եթե չկան արժեքներ՝ մենք այլ բան սպասել չենք կարող։ Հայաստանում նստել սպասում են, որ սահմանը բացվի, որ թուրքերի հետ առևտուր անեն։ Ուրիշ ի՞նչ վերաբերմունք եք սպասում մեր նկատմամբ։ Որտեղից գումար է գալիս, այդ ուղղությամբ էլ շարժվում են, դա էլ համարում են ճիշտը։ Դրա համար առանձնապես զարմանալ պետք չէ։
-Եթե նկատի ունենանք ձեր ասածը, որ նման իրավիճակի հանգել ենք ոչ այսօր, այլ տարիների ընթացքում, ի՞նչ հնարավոր ելքեր եք տեսնում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին։
Հայաստանն իհարկե բացառություն չէ․ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ այստեղ վիճակն աղետալի է։ Ասեմ ավելին, կարծես թե այն երկրում, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, կենտրոնացել է ամբողջ համամարդկային կեղտը։ Բանը հասավ նրան, որ սկսեցի կասկածել հայոց պատմության ճշմարտացիությանը։ Եվ նույնիսկ մտածել, թե արդյո՞ք մենք ճիշտ ենք վարվել՝ ընդունելով քրիստոնեությունը՝ փոխելով հայ ժողովրդի արժեքները։ Գուցե մենք չե՞նք ունեցել մեծ հրամանատարներ, թագավորներ․գուցե նրանք էլ են գործարքներ կնքել և դիվիդենտների դիմաց հայկական հողերը փոխանցել այս կամ այն տիրակալին՝ պարսիկ, արաբ և այլն։ Հազարավոր տարիներ առաջ ինչ-որ պետություն և ժողովուրդ զավթել և յուրացրել է մեկ այլ պետության՝ Բյուզանդիայի մշակույթը, հարյուր տարի առաջ բնաջնջել են մեր նախնիներին՝ հայրերին, մայրերին, փոքր երեխաներին, մեր օրերում պատմությունը կրկնվել է, իսկ այսօրվա Հայաստանում մարդիկ, որոնցից կախված է մեր ժողովուրդի ու երկրի ներկան ու ապագան, ինչ-ինչ պատճառներով խոսում են այդ պետության հետ խաղաղության և բարեկամության մասին, համատարած ձեռք են բերում Թուրքիա-Հայաստան առաջարկվող ճանապարհի հողատարածքներ՝ մոթելների, հյուրանոցների և ռեստորանների կառուցման համար։ Միայն վախկոտ չար անձը կարող է դա անել:
«Մտքով Ռուսաստանը չես հասկանա» վերտառությամբ հոդվածում ես արդեն խոսել եմ Սատանայի մասին, որը գլխակորույս շտապում է լքել իր հայրենի եզերքը՝ դժոխքը (մեր դեպքում՝ Հայաստանը): Շտապում է, քանի որ քաջ գիտակցում է, որ իր «հայրական ժառանգության» յուրաքանչյուր քառակուսի մետրի համար խորամանկ հայ գործարարներն իրեն միլիարդավոր դոլարների ծանր հաշիվ են ներկայացնելու…Եվ այս անելանելի վիճակից միակ ելքը մնում է կուլ տալ դժոխքի դարպասների բանալին։ Չեմ զարմանա, եթե վաղը Հայաստանում հերթական գզվռտոցի ականատեսը դառնանք, բայց այս անգամ՝ մզկիթի կառուցման բազմամիլիոնանոց տենդերի համար։ Ես Հայաստանում տեսնում եմ մարդկային արատների խտացում. համամարդկային արժեքները իրենց տեղը զիջել են ագահությանը, նախանձին, մեծամտությանը, անառակությանը և այլն։ Բանկիրները վաշխառուներ են, որոնք հարստանում են մարդկանց վշտի ու ուրախության վրա, նրանք ահռելի տոկոսներով վարկեր են տալիս մարդկանց բուժման, կրթության, թաղումների կամ հարսանիքների համար: Իսկ ի՞նչ է Կենտրոնական բանկը, բանկերն ընդհանրապես և ովքե՞ր են բանկիրները։ Նրանք պետական կառավարման հանցավոր աշխարհի, համակարգի ընդամենը չնչին մասնիկն են, որի միջոցով հնարավոր է դառնում իրենց կառավարչի՝ պետության ղեկավարի հետ օրինական թալանել սեփական ժողովրդին։
-Ռուսական «Новые Известия» պարբերականում հրապարակված հոդվածում Դուք կես կատակ, կես լուրջ առաջարկել եք, որպեսզի քրեական հեղինակությունները քրեակատարողական հիմնարկներում հայտնված բանկիրների հետ վարվեն այնպես, ինչպես վարվում են մանկապիղծների հետ:
-Յուրաքանչյուր կատակում որոշ չափով ճշմարտություն կա: Քանի որ այդ ստոր մարդիկ իրենց հանցագործությունները կատարում են պետության օգնությամբ, թող իմանան, որ աշխարհում կա մի վայր, որտեղ ոչ պետությունը, ոչ դատական համակարգը չեն կարող իրենց պաշտպանել։ Ուրիշ ինչպե՞ս վարվել նրանց հետ, եթե Աֆրիկայում մարդիկ վաճառում էին երեխաների օրգանները, որպեսզի վճարեն բանկերին իրենց պարտքերը։ Հասկանու՞մ եք, թե ինչպիսի աշխարհում ենք մենք ապրում։ Բոլոր դժբախտությունները այլ տեղում են: Ես արդեն գրել եմ, որ բանկերն ու փողը ապրելու միջոց են, բայց ոչ հակառակը․ մեր կյանքը միջոց չէ նրանց համար։ Փողը կործանում է մարդկությունը, իսկ մարդը փող է փնտրում հանուն իր փրկության, ահա այսպիսի պարադոքս։ Նույնիսկ այնպիսի վեհ մասնագիտության ներկայացուցիչները, ինչպիսիք են բժիշկները, այստեղ՝ Հայաստանում, մոռացել են Հիպոկրատի երդումը և, ինչպես ինձ պատմեցին, փող են շորթում հիվանդներից՝ նախ փողը և հետո միայն բուժումը սկզբունքով։ Այս շնագայլերին ու նրանց «տերերին» պետք է զրկել արտոնագրից, նրանց հարցը բարձրացնել ու լուծել ամենաբարձր մակարդակով՝ ընդհուպ մինչև ԱՀԿ։ Փողը թմրեցրել է բոլոր մարդկանց գիտակցությունը, այն կառավարում է աշխարհը, պատերազմները։ Մարդը, որը քրտնաջան աշխատում է և իրական արժեք է ստեղծում, կախման մեջ է, ենթակա է վիրտուալ փողերով մակաբույծին։ Սա աբսուրդ է, որը մարդկությանը տանում է դեպի կործանում։
-Արցախյան 44 օրյա պատերազմից հետո Հայաստանում ոչ միանշանակ իրավիճակ է։ Չկա վստահություն ո՛չ իշխանությունների և ո՛չ էլ իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր փորձում են ներկայացնել, թե ունեն Մոսկվայի աջակցությունը և նույնիսկ ոգևորվում ՌԴ դեսպանատան հայտարարությունից։ Ինչպե՞ս կողմնորոշվի հասարակությունը։
-90-ական թթ. Հայաստանում դեռ կային խելացի մտավորականներ ու իրենց ոլորտի մասնագետներ, ժողովրդը խիղճ ուներ։ Առաջին պատերազմում մենք հաղթեցինք, բայց տրվեց ուղեղների արտահոսքի մեկնարկը, հետո 30 տարի շարունակ հայ ժողովուրդը գտնվեց առևտրի դաշտում, փոխվեցին արժեքները։ Որպես հետևանք՝ Հայաստանը պարտվեց պատերազմում։ Հենց կոռուպցիան է բոլոր տեսակի պատերազմների բույնը՝ Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա։ Ղարաբաղյան վերջին պատերազմի հետ կապված դեռ շատ հարցեր են մնում։ Դա իսկապե՞ս պատերազմ էր, թե՞ ինչ-որ կեղտոտ խաղ։ Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակից հետո ոչ մի պաշտպանական համակարգ չստեղծվեց, իրականացվեց միայն համատարած թալան։ Մի հոդվածում ես արդեն գրել էի, որ շահույթ ստանալու և հարստանալու համար, եթե նման հնարավորություն լիներ, այս սրիկաները երկրագնդի մեջտեղով էլ կանցներին, բայց լավան է խանգարում: Եթե այս սրիկաները սրբություն ունենային, նրանք երկիրը նման ողբալի վիճակի չէին հասցնի։ Եվ այսօր նույնիսկ կարևոր չէ, թե ով է հաղթել կամ ով է պարտվել պատերազմում, քանի որ վաղը ամեն ինչ կարող է լինել ճիշտ հակառակը։
-Ի՞նչ ելքեր եք տեսնում ստեղծված իրավիճակից։
-Պարզապես հաշվարկը պետք է արվի, կրկին հիմնվելով խելքի, մարդկային կապիտալի, ինտելեկտուալ ներուժի, այլ ոչ թե առեւտրականների ու չարչիների վրա։ Իսկ այսօր Հայաստանում մարդկային կապիտալը, ասում են, կառավարում է բրդուճ վաճառողը։ Հայաստանը պետք է փրկվի խելքի միջոցով, իսկ ուղեղները ղեկավարում են չարչիները: Եթե դա այդպես է, ուրեմն հերթական աբսուրդն է։ Հասկացեք, ոչ մի հզոր պետություն չի ստեղծվել առևտրականների կողմից։ Այդ սրիկաների տունն այնտեղ է, որտեղ նրանց անձնական շահն է: Հայաստանում երևի առաջինը կլինեմ, որ կբարձրաձայնեմ ու կասեմ, որ ժողովրդից գողացված փողերը մեզ պետք չեն (չնայած թալանել են երկրի, նրա անվան, ղեկավարության կամ բանկերի միջոցով)։ Այրե՛ք այս փողերը, բայց փոխե՛ք արժեքները, միայն այս դեպքում Հայաստանը կփրկվի։
-Հայաստանում և Հայաստանի շուրջ այժմ բուռն գործընթացներ են տեղի ունենում՝ ապաշրջափակման, ճանապարհների բացման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված։ Դուք այդ ամենն ինչքանո՞վ եք իրատեսական համարում։
-Մեր տարածաշրջանում երկու քրիստոնյա երկիր կա՝ Հայաստանն ու Վրաստանը։ Մենք կարող էինք ընդհանուր շահեր գտնել։ Այսօր Վրաստանը իր դրական և բացասական կողմերով հանդերձ՝ մեծ հնարավորություններ ունի կապելու Սև և Միջերկրական ծովերը, Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Իրանը։ Այս երկիրը կարող է առանցքային դառնալ մեր տարածաշրջանում։ Ժամանակին Թբիլիսին Անդրկովկասում մշակութային կենտրոն էր։ Այնտեղ ստեղծագործել են մեր շատ հայրենակիցներ, հայերը հայտնի են եղել իրենց գիտնականներով, բարերարներով, մշակութային գործիչներով։ Իսկ այսօր երկու քրիստոնյա երկիր հայտնվել են բարիկադների հակառակ կողմերում են։ Բայց այս 30 տարվա ընթացքում մենք կարող էինք համաձայնության գալ մեզ բարեկամ պետության ու ժողովրդի հետ։ Արդյունքում Հայաստանը հայտնվեց շրջափակման մեջ, իսկ Վրաստանին ստիպում են սահմանափակումներ մտցնել, չնայած որ այնտեղ կան ազնիվ ու գիտակից վրացիներ։ Իրո՞ք 30 տարում հայ «հայրենասերները» չկարողացան բացել երկաթգիծը։ Չի կարող Վերին Լարսի միակ ճանապարհը 30 տարի շարունակ ծառայել պետությանը, այն դարձել է կերակրատաշտ վերնախավի համար։ Գեղեցիկ աչքերի համար չէր, որ այս վերնախավը՝ տեղի, թե ղարաբաղյան, բազմամիլիարդանոց շքեղ նվերներ ստացել հյուրանոցների, բանկերի, բնակարանների, առանձնատների, գործարանների տեսքով թե՛ դրսում, թե՛ այստեղ։ Նույնիսկ նրանց վարորդներն ու թիկնապահներն են միլիոնատեր դարձել։ Նման պետությունը կամ ինքն իրեն կպայթի, կամ կպայթեցվի, այն դատապարտված է կործանման։
Բացի ապօրինի հարստացումից, այս էլիտան ու նրանց սպասավորները ոչինչ չարեցին։ Այս ընթացքում պաշտոնական Երևանը որևէ անգամ Հայաստանի շրջափակման պատճառով բողոք չի ներկայացրել համապատասխան միջազգային կառույցներին, բայց չէ՞ որ 19 տարի, ինչ երկիրը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, և մեր ժողովուրդը միլիարդավոր դոլարների վնաս է կրել, զրկված է եղել գումար աշխատելու հնարավորությունից։ Ուզում եմ նշել նաև, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո շատ երկրներ ճանաչեցին Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, իսկ հիմա ամբողջ աշխարհն է գոռում դրա մասին։ Ուրեմն, ինչու՞ Ալիևը երբեք դատի չի տվել իր քաղաքացիներին՝ ոչ լեգիտիմ նախագահներին, նրանց նկատմամբ հետախուզում չի հայտարարել։ Ստացվում է, որ այս ապօրինի անձինք միլիարդավոր դոլարների կողոպուտից հետո հետ են վերադարձրել հողերը։ Այստեղ աշխատանքի դաշտ կա նաև մեր փաստաբանների համար։ Ադրբեջանի այս քաղաքացիները պետք է խստագույնս պատժվեն։
-Արցախյան պատերազմը կարծես ավարտվել է, բայց նոր պատերազմի վտանգն ամեն օր ավելի է սաստկանում։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։
-Հիմա հարվածի տակ է ամբողջ աշխարհը. այսօր Ուկրաինան այրվում է, հաջորդը մերձբալթյան երկրներն են, Բելառուսը և այլն։ Տարածաշրջանի կուրատորները հեշտությամբ կարող են թեժ կետը տեղափոխել մեր տարածաշրջան՝ խոստանալով նոր հողեր ու հաղթանակներ։ Այնքան էլ դժվար չէ հերթական սադրանքը կազմակերպել՝ այն բարդելով հայկական կողմի վրա։ Նկատեմ նաև, որ Հայաստանի ողջ ֆինանսաբանկային համակարգը, տնտեսությունը պատկանում է Արևմուտքին, ԱՄՆ-ին, իսկ մեր անվտանգությունը ռուսական է։ Շուտով նրանք կսկսեն պատառոտել Հայաստանը՝ ըստ իրենց շահերի։ Սա պայթյունավտանգ իրավիճակ է. Այսպիսով՝ մեր տարածաշրջանն ամբողջությամբ մեծ վտանգի առաջ է կանգնած։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի դեմ Եվրոպան և ԱՄՆ-ն արդեն սկսել են աշխատել Իրանի հետ՝ իրենց էժան գազով և նավթով ապահովելու համար։ Իսկ պատկերացնու՞մ եք, թե պատվիրատուն՝ Իսրայելն ու Թուրքիան, ինչպես կընկալեն Իրանի հզորացումը։ Բայց սա ավելի խորը և առանձին թեմա է։ Ներկա աշխարհաքաղաքական իրողություններում Հայաստանի փրկության ելքը մեկն է՝ համախմբել ինտելեկտուալ ներուժը։ Մեր «ուղեղները» պետք է շփվեն իրենց տեսակի հետ ամբողջ աշխարհում, խորհրդակցեն ու խորհուրդ տան, ազդեն այս կամ այն իրավիճակի վրա։ Այս թեմային ես արդեն անդրադարձել եմ իմ հրապարակումներում։ Անկեղծ ասած, ես այլևս չեմ զարմանում, թե ինչու Հայաստանը հազարավոր տարիներ պետականություն չունի։
-Բայց ներսում որոշակի աշխատանք այդուհանդերձ տարվում է, օրինակ ինչպե՞ս եք վերաբերվում Փաշինյանի կառավարության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարին։
-Ես հաստատ գիտեմ, որ գողացված փողը երբեք երջանկություն չի բերում ո՛չ ընտանիքին, ո՛չ պետությանը։ Ինձ չի հետաքրքրում գլուխգովանությունն ու տնտեսական ցուցադրականությունը:Պարզապես ցավալի է այսօր հետևել, թե որքան դժվար է մեր կանանց, մեր մայրերի համար գոյատևելը, ինչ դժվարությամբ և ինչ պայմաններում են ոտքի կանգնեցնում իրենց երեխաներին՝ երկրի ապագա «հպարտ» քաղաքացիներին։ Ի վերջո, կինը ինկուբատոր չէ, ինչպես կարծում են շատերը: Այսօր երկրում արժանապատիվ, ազնիվ եկամուտ չունենալու պատճառով օջախի պահապան կինը ստիպված է ընտանիքի հետ հեռանալ Հայաստանից կամ վարկ վերցնել, որն անհնար է մարել։ Իսկ հերոսներ են համարվում նրանք, ովքեր այդ վիճակին են հասցրել նրան, ովքեր մայրերին թալանին հավասար տոկոսադրույքով վարկ են տրամադրել։ Այս բոլոր տականքները՝ բանկերից մինչև հարկադիր կատարողներ, պետք է պատժվեն ամբողջ աշխարհում: Այսօր ես կանգնած եմ կանանց կողքին, ովքեր արդեն իսկ իրական քայլեր են արել այս ուղղությամբ։ Հուսով եմ՝ շուտով կտեսնենք «Մայր Հայաստան 21-րդ դար» կազմակերպության գործունեության կոնկրետ արդյունքները։
Եթե ժամանակին Հայաստանի և Ուկրաինայի մայրերը կանգնեցնեին իրենց երկներում համատարած թալանը, այսօր որդիները իրենց հետ կլինեին։ Մենք վճռական ենք պայքարելու մեր ընտանիքների շահագործման արատավոր համակարգի դեմ։ Ամեն օր այս սրիկաներն իրենց տոկոսներով ծնկի են բերում ՀՀ քաղաքացիներին։ Ոչ ոք չի խոսում նրա մասին, որ բանկը, օգտագործելով պետությունը, փող է ստանում ու անպարկեշտության աստիճանի բարձր տոկոսներով վարկեր տրամադրում սեփական մայրերին։ Յուրաքանչյուր ոք, ով փող է աշխատում մարդկային դժբախտության վրա, պետք է ենթարկվի պատժի. ոչ ոք չպետք է մարսի «կեղտոտ փողերը»: Պատկերացրեք, որ ողջ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում կսառեցվեն և կբռնագրավվեն ոչ միայն այս մարդկանց բանկային հաշիվներն ու ունեցվածքը, այլև նրանց ընտանիքի անդամներինը։ Թող այս միլիոնները մեզ չվերադարձնեն, թող մնան այդ երկրներում, բայց դրա դիմաց մենք կխնդրենք, որ այդ սրիկաները դատվեն տվյալ երկների օրենքներով։ Օրինակ, Ամերիկայում նման տնտեսական հանցագործությունների համար պատիժը հասնում է 100 տարվա։ Նրանց մայրերն են ծնել, մայրերն էլ նրանց կպատժեն։










































