Ալժիրի հյուսիսում գտնվող ռազմական բազաների վրա մահապարտ ահաբեկչի հարձակումից հետո զոհվել է 36 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը Շարշալ քաղաքի մոտակայքում, որը մայրաքաղաքից հեռու է մոտավորապես 100 կմ-ով: Պայթյունի ժամանակ զոհվածների թվում են 12 զինվորականներ:
Ալժիրում գործում է «Ալ-Քաիդայի» տարածքային` «Ալ-Քաիդան Մաղրիբի իսլամական երկրներում» կառույցը, որն ակտիվորեն մասնակցում է տարածաշրջանի հյուսիսում տեղի ունեցող ահաբեկչություններին: Ներկա պահին, սակայն, չկա ոչ մի հաստատում, որ ահաբեկչությունը կազմակերպել է հենց «Ալ-Քաիդան»:
Հիշեցնենք նաև, որ երեկ հզոր պայթյուն էր տեղի ունեցել աֆրիկյան մեկ այլ երկրում` Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում: ՄԱԿ-ի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել էր առնվազն 18 մարդ:









































