Եգիպտոսն ու Իսրայելը համաձայնություն են ձեռք բերել ավելացնել եգիպտական զինված ուժերի ներկայությունը Սինայում: Ինչպես հայտնում է Reuters-ը` դրա պատճառը վերջերս Սինայում ահաբեկիչների ակտիվությունն է: Եգիպտոսի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չի հայտնել իր անունը, ասել է. «Երկարատև բանակցություններից հետո Եգիպտոսն ու Իսրայելը համաձայնություն են ձեռք բերել ավելացնել եգիպտական զինված ուժերի քանակը Սինայում այն բանից հետո, երբ Սինայից Իսրայելի տարածք են ներթափանցել ահաբեկիչներ, ովքեր իրականացրել են 3 գործողություն, որի հետևանքով սպանվել էր 8 իսրայելցի»:
Հիշեցնենք, որ ահաբեկչություններին ի պատասխան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակում էին գործել Գազայի վրա` սպանելով 15 մարդու:
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը մեղադրել էր Եգիպտոսին այն բանում, որ վերջինս չի կարողանում ապահովել իր սահմանների անվտանգությունը:
Սինայի թերակղզին գտնվում է Եգիպտոսի և Իսրայելի միջև` Եգիպտոսի կազմում: Այն համարվում է ապառազմականացված գոտի:









































