Ուկրաինայի ենթակառուցվածքի 20-30%-ը ոչնչացվել է ռուսական ներխուժման հետևանքով։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը՝ ֆրանսիական «Le Monde»-ին տված հարցազրույցում։ Պատերազմի գրեթե չորս ամիսների ընթացքում վնասվել են ճանապարհներ, կամուրջներ, նավահանգիստներ, երկաթուղիներ, օդանավակայաններ։
Կուբրակովը կորուստները գնահատում է ավելի քան 100 միլիարդ դոլար։ Բնակելի և ոչ բնակելի շենքերի, դպրոցների, հիվանդանոցների և ենթակառուցվածքների ոչնչացման հետևանքով Ուկրաինայի տնտեսությանը հասցված ուղիղ վնասի ընդհանուր գումարը կազմել է 105,5 միլիարդ դոլար, այդ թվում՝ 40 միլիարդ դոլարը՝ տրանսպորտի ոչնչացման պատճառով:
«Ամենից շատ տուժել են Մարիուպոլը, Խարկովը, Չեռնիգովը, Սևերոդոնեցկը և Լիսիչանսկը, 320 հազար մարդ զրկվել է տներից»,- ասել է նախարարը։