Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունից անցել է մեկ տարի: Արտահերթ ընտրության տարեդարձը, իսկ քաղաքական իմաստով գուցե նույնիսկ տարելիցը նշանավորվեց բավականին խորհրդանշական ու հատկանշական մի իրադարձությամբ: ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց ԲԴԽ գործող նախագահ Գագիկ Ջահանգիրյանի հետ իր մասնավոր զրույցի ձայնագրությունը, որ տեղի է ունեցել Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը թողնելու թեմայով, նրա դեռևս պաշտոնավարման շրջանում, այսինքն ավելի քան մեկ տարի առաջ: Զրույցի բովանդակությունը թերևս չարժե վերապատմել, այն բավականին լայն տարածում ստացավ անցնող ժամերի ընթացքում, հարկ եղած դեպքում հնարավոր է դրա հետ ծանոթանալ թերթելով ամենատարբեր լրատվամիջոցների էջերը կամ լրահոսը: Ուշագրավ բովանդակություն է իհարկե, բայց այս պարագայում հատկանշական է երևույթի քաղաքական «խորհուրդը»՝ արտահերթ ընտրությունից մեկ տարի անց: Ընտրություն, որը պաշտոնական արդյունքի տեսքով Հայաստանում փաստացի հաստատեց նախկին կառավարող համակարգի քաղաքական դեր ու կարգավիճակ՝ խորհրդարանական ընդդիմության տեսքով: Ու, թեև ձայնագրությունը ֆորմալ իմաստով ԲԴԽ նախկին ու ներկա նախագահների միջև ավելի քան մեկամյա վաղեմության զրույցի մասին է, այդուհանդերձ դրա հրապարակման տողատակը ակնառու քաղաքական է, ինչի մասին վկայում է մի քանի հանգամանք, այդ թվում և այն, որ ձայնագրության հրապարակումից կարճ ժամանակ անց հայտարարություն տարածեց խորհրդարանական Հայաստան դաշինքը, որում ի թիվս հնչող կոշտ գնահատականներին, նշվում էր նաև, որ ձայնագրությունը վկայում է խորհրդարանի արտահերթ ընտրության ոչ լեգիտիմության մասին, որը բարձրաձայնել են իրենք:
Թերևս կլինեն հետագա առիթներ՝ անմիջական ձայնագրությունից, դրա բովանդակությունից բխող դիտարկումների համար: Ներկայումս, արտահերթ ընտրությունից մեկ տարի անց այդօրինակ իրադարձության խորհրդանշականությունն այն է, որ 2021 թվականի արտահերթ ընտրությամբ փաստացի առնվազն մասնակի «վերականգնվել» է Հայաստանի կառավարող նախկին համակարգն իրեն բնորոշ հատկանիշներով, իրեն բնորոշ «մշակույթով» ու գործիքակազմով: Իհարկե դրա վկայությունը ձայնագրությունը չէ, ձայնագրությունը խորհրդանշականությունն է: Հայաստանի քաղաքական կյանքը 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո այդպես էլ դուրս չեկավ նախկին համակարգի բերած մտածողության և քաղաքական մշակույթի շրջանակից, չենթարկվեց խորքային ռեֆորմացիայի: Դրա հետևանքը այն էր, որ 2020 թվականի ծանր պատերազմից, ռազմական պարտությունից և դրա հետևանքով ներքաղաքական շոկից հետո Հայաստանի քաղաքական դաշտում «ընդդիմադիր» կամ «ընդդիմախոս» եղանակ ստեղծողը նախկին կառավարող համակարգն էլ, այլ ոչ թե նոր քաղաքական համակարգ, նոր քաղաքական միավոր: Քաղաքական ռեֆորմացիայի բացակայությունը կամ անարդյունավետությունը անշուշտ քաղաքական իշխանության պատասխանատվության դաշտում է:
Այդ պատասխանատվության մեղմ ասած անարդյունավետ իրացումը իհարկե ունի ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաև օբյեկտիվ լուրջ պատճառներ: Սակայն, տվյալ պարագայում իհարկե խնդիրը պատասխանատվության և դրա սուբյեկտիվ ու օբյեկտիվ հարաբերակցության պարզումը չէ: Խնդիրը ապագայի շուրջ լրջագույն խորհելու հրամայականն է, որ կանգնած է հանրային այն շերտերի առաջ, որոնք ունեն Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը «մշակութային հեղափոխության» ենթարկելու անկեղծ շահագրգռություն, միևնույն ժամանակ սակայն, նաև՝ այդ հեղափոխության արժեհամակարգային, գաղափարական հիմք և մեթոդաբանական ճանապարհային քարտեզ կազմելու կոմպետենտություն և աշխարհայացքային ու աշխարհընկալման ներուժ: Որովհետև, անկեղծությունն այս դեպքում բոլորովին բավարար չէ շոշափելի և առարկայական արդյունքի հավակնելու համար: Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունից մեկ տարի անց հանրության համար առավել քան ակնառու է այդ խնդիրը և այն սպասարկելու շոշափելի, չափելի, թե ներքին, թե արտաքին քաղաքական իրողություններին ու դրանց բազմում տողատակերին համարժեք հայտի՝ գործնականում բացակայությունը:








































