Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Հյուսիսային Իրաքում գտնվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների ճամբարների օդային ռմբակոծությունների հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Իրաքում գտնվող Թուրքիայի դեսպան Մուրադ Օզչելիքը հրավիրվել էր Իրաքի ԱԳՆ, ուր նրան հանձնվել էր բողոքի նոտա։ Դա պատճառաբանվել էր նրանով, որ Թուրքիան խախտել է Իրաքի պետական սահմանը, և որ ավիառմբակոծությունների պատճառով զոհվել է 7 քաղաքացիական անձ։
Թուրքիայի ԱԳՆ-ն նշում է, որ դրանից հետո ինքը տվյալ խնդրի շուրջ հարցում է ուղարկել գլխավոր շտաբին, որն էլ անհիմն է համարել Հյուսիսային Իրաքի օդային ռմբակոծությունների ժամանակ քաղաքացիական անձանց զոհվելը։
Իր հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Հյուսիսային Իրաքի քրդական իքնավարությունը չի կարողացել ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու վերահսկողությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Հյուսիսային Իրաքի ռմբակոծությունների արդյունքում սպանվել է նվազագույնը 90-100 PKK-ական։ Մինչդեռ քրդերը հայտարարում են, որ այդ ռմբակոծությունները, բացի մարդկային կորուստներից, նյութական մեծ վնաս են պատճառել տեղի բնակչությանը, ռմբակոծությունների արդյունքում բռնկվել են անտառային մեծ հրդեհներ և անգամ ավերվել են գերեզմանոցներ։











































