Հայաստանի խորհրդարանական ընդդիմություն-նախկին կառավարող համակարգի փողոցային՝ «Դիմադրության» շարժումը ավարտվեց այնպես, ինչպես սկսել էր՝ առանց հանրային շոշափելի աջակցության: Սրա պատճառների մասին հնարավոր է խոսել թե կարճ, թե երկար, և այդ խոսակցության առիթներ եղել են ու կլինեն: Տվյալ պարագայում արձանագրենք, որ փողոցում ոչ թե ընդդիմությունը պարտվեց քաղաքական իշխանությանը, կամ նախկին համակարգը հերթական անգամ պարտվեց նոր իշխանությանը, կամ հեղափոխությունը հաղթեց նախկին իշխանությանը հերթական անգամ, այլ փողոցում հաղթեց Հայաստանի հանրությունը: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ հաղթանակը հանրությունը խոշոր հաշվով տարավ ինքն իր նկատմամբ, որովհետև պարտվածի վիճակում ոչ թե ներկայիս ընդդիմություն-նախկին կառավարող համակարգն է, այլ ընդդիմություն հասկացությունն ու ինստիտուտը ընդհանրապես: Եվ ամբողջ հարցն այստեղ է՝ ինչպես լուծել խնդիրը, որ Հայաստանում ընդդիմություն ինստիտուտը չլինի քաղաքականապես պարտված, կամ այլ կերպ ասած՝ երկրում ընդդիմության ինստիտուտ լինի, որը հանրային լեգիտիմության իմաստով կլինի հավասարակշռված:
Լեգիտիմությունը, ընդ որում, ամենևին հանրային համակրությունը կամ հավանությունը չէ, այլ այն, որ անգամ ընդդիմության համախոհ չեղած հանրային շերտերը այդուհանդերձ ընդունում են քաղաքական պայքարի այն հարաբերակցությունը, որ լինում է տվյալ պահի իշխանության և տվյալ պահի ընդդիմության միջև: Ահա դա է ներկայիս խնդիրը, որ չկա այդպիսի հարաբերակցության հանրային կայուն լեգիտիմություն, ինչը նշանակում է, որ Հայաստանում չկա ընդդիմության կենսունակ լեգիտիմությամբ ինստիտուտ: Այստեղ է, որ հանրությունը հաղթում է, այլ կերպ ասած թույլ չի տալիս իր իսկ մերժած համակարգի քաղաքական ռեստավրացիայի փորձ, բայց փոխարենը շարունակում է «ձեռնունայն», «դատարկաձեռն» մնալ քաղաքական գործիքակազմի իմաստով: Իսկ դա հանրության պարտություն է, Հայաստանի պարտություն է, որը շարունակվում է արդեն շատ երկար, գործնականում ձգվում անկախության երեք տասնամյակի ընթացքում՝ այդպես էլ որևէ կերպ ինստիտուցիոնալ և մշակութային առումով չկայացած քաղաքական համակարգի բացակայությամբ: Այն, ինչ հերթական անգամ դրսևորվեց հայաստանյան փողոցում և հրապարակում, դե ֆակտո իրապես ճգնաժամի դրսևորում էր, բայց ոչ թե լեգիտիմ ընդդիմության հանդեպ ոչ լեգիտիմ իշխանության առավելության բնույթ ունեցող ճգնաժամի, այլ քաղաքական համակարգի չկայացածության:
Լուսանկարը՝ panorama.am-ի








































