Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ իր անհամաձայնությունը հայտնեց Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարևանությամբ «չորսաստղանի» հյուրանոց կառուցելու ծրագրի մասին։
«Քաղաքը միայն շենքերը չեն, պետք է նաև ազատ տարածք լինի՝ քաղաքացիների համար,- ասում է ճարտարապետը։
Այդ հյուրանոցը կառուցելու մասին առաջարկը արել է Երևանի գլխավոր ճարտարապետը, դրան հավանություն է տվել քաղաքաշինության խորհուրդը, և ընդունվել է կառավարության կողմից համապատասխան որոշում»,- ասում է ճարտարապետների միության նախագահը, ում գնահատմամբ՝ սա ոչ խորապես մտածված որոշում է։
Ըստ նրա՝ քանի որ տեղանքը, իրոք, շատ փոքր է, և չի տալիս համապատասխան ռեսուրս՝ բարձրակարգ հյուրանոց կառուցելու համար, ապա կարող են հյուրանոցային համալիրում օգտագործվել նաև Հանրապետության հրապարակի տարածքն ու շատրվանները։
«Ես մետրոյի կայարանի հեղինակներից մեկն եմ ու չէի ցանկանա, որ տարածքի տեսքը նման փոփոխություններ կրեր»,- ասում է Մկրտիչ Մինասյանը։
Ճարտարապետը հիշեցնում է, որ հրապարակի մետրոյի փոքրիկ հողատարածության վրա որևէ շինություն կառուցելու մասին խոսվում է արդեն 15 տարի, և դրա դեմ վերջերս հայտարարություն է արել նաև Լևոն Իգիթյանը։
Հյուրանոցի կառուցմանը դեմ լինելու ևս մեկ պատճառ կա։ Յուրաքանչյուր 5-րդ րոպե շատ քիչ խորության վրա անցնում է մետրոն, և, ըստ ճարտարապետի, այս հատվածում հսկա շինություն կառուցելը կարող է շատ վտանգավոր լինել։
Այսուհանդերձ, Մկրտիչ Մինասյանը հիշեցնում է, որ իրենց կարծիքը միշտ չէ, որ հաշվի է առնվում։ Միակ օրինակը մինչ այժմ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի կառուցման հարցն է, այն էլ լուծվել է մասնակի։







































