Եգիպտոսի իշխանությունները մտադիր են Կարմիր ծով այցելող զբոսաշրջիկների համար զգեստների տարբեր տեսակների սահմանափակումներ մտցնել: Ծայրահեղ իսլամիստներն առաջարկել են նախ արգելել ալկոհոլի օգտագործումը, ապա` բիկինիների կրումը լողափերում և հարակից տարածքներում: Ինչպես գրում է RBC Daily-ն, սա լուրջ հարված կլինի եգիպտական զբոսաշրջության ոլորտին: Մասնագետները կարծում են, որ խոսքը կարող է լինել մոտ 13 մլրդ տարեկան կորստի մասին, որը կունենա ոլորտը, եթե նման սահմանափակումները կյանքի կոչվեն:
Հուրգադայի և Շարմ Ալ-Շեյխի բնակիչները, օրինակ, ցանկանում են, որպեսզի բիկինի կրողներին տուգանեն 150 եվրոյով: Եգիպտուհիներն այդ քաղաքներում արևի լոգանք են ընդունում և լողանում են ջրում հիջաբներով և երկար զգեստներով: Եգիպտոսի զբոսաշրջային ընկերությունների պալատի ղեկավար Հուսամ Ալ-Շայիրը համոզված է, որ այս սահմանափակումների դեպքում Եգիպտոսը կմեկուսացվի. «Ուղղակի ոչ ոք մեզ չի այցելի»,- ասել է նա:
Նշվում է, նաև, որ նման փորձեր նախկինում էլ են եղել, սակայն դրանք չեն իրականացվել: Հիմա էլ փորձագետների մեծ մասը վստահ է, որ նման սահմանափակումներ չեն լինի:









































