Կոալիցիոն պատվիարկության ղեկավար Դավիթ Հարությունյանը, մեկնաբանելով այսօր տապալված երկխոսության յոթերորդ ռաունդը, նշեց, որ պայմանավորվածության համաձայն այսօր իշխանական պատվիրակները պետք է շարունակեին ներկայացնել իրենց փաստարկները արտահերթ ընտրություններ անցկացնելու աննպատակահարմարության մասին, սակայն, ի զարմանս իրեն՝ ՀԱԿ-ի պատվիրակությունից ներկայացել է մի անդամ՝ Սամվել Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ իր համար շատ տարօրինակ է, որ հանդիպման տապալման վերաբերյալ հիմնավորումներ չբերվեցին: «Ավելին, մինչ այս ձևավորված աշխատանքային հարաբերությունները այնպիսին չեն եղել, որ պետք է ներկայանար պատվիրակությունից մեկը և ասեր, որ հանդիպում չի լինելու, ոչ թե նախապես զգուշացնեին հանդիպման չկայանալու մասին: Նման քայլը «քաղաքական դեմարշ է»: Ցավում եմ այս դեմարշի համար, կարծում եմ, որ սա էթիկայից դուրս է: Մենք մեզ երբևէ թույլ չենք տվել այսպես վարվել, որևէ լրացուցիչ տեղեկություններ չեն հայտնել, ընդամենը ասել են, որ չի կայանա»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Լրագրողների այն հարցին, թե ստացվում է այնպես, որ ամբողջ երկխոսության գործընթացը ՀԱԿ-ի ձեռքո՞ւմ է, կոալիցիոն պատվիրակության ղեկավարը նշեց, որ տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի, երկխոսությունը չի լինում միակողմանի, և այն կախված է յուրաքանչյուր կողմի կամքից: Երկխուսությունը համատեղ է լինում, դա չի նշանակում, որ ՀԱԿ-ն է թելադրում պայմանները: Դա նշանակում է, որ ՀԱԿ-ը քաղաքական կամք չունի, որպեսզի պատշաճ մակարդակով շարունակի այդ գործընթացը. «Կարծում եմ, որ այս ձևով չպետք է արվեր, եթե պետք է այսպես լիներ, գոնե պետք է նախապես զգուշացնեին»:
Այն դիտարակամնը, թե արդյո՞ք ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործի հետ կապ ունի հանդիպման չկայանալը, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը պետք է ստանալ ՀԱԿ-ից: Սա քաղաքական գործընթաց է, և մենք ճիշտ չենք համարում իրավական գործընթացին մասնակցություն ցուցաբերելը: Մեր տպավորությունն այնպիսին է, որ դատական համակարգը գործում է ոչ խտրական»:











































