Ադրբեջանում 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացրել երկրի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության շենքի դիմաց:
Նրանք դժգոհություն են հայտնել հաշմանդամության և սոցիալական վճարումներից՝ պահանջելով, որ նախարար Սահիլ Բաբաևը դուրս գա և կատարի իրենց պահանջները:
Մերժում ստանալով՝ պատերազմի մասնակիցները ներխուժել են նախարարության ընդունարան, առաջացրել խառնաշփոթ: Նշվում է, որ ակցիայի մասնակիցները վնասել են պետական գույքը:
Աշխատանքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունն իր հերթին հաստատել է, որ վետերանների պահանջը կապված է հաշմանդամության գնահատման հետ։ «Յուրաքանչյուր բողոք գրանցված է ու կքննարկվի, արդյունքներին համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- ասել են աշխատանքի նախարարությունից։ Նույն աղբյուրը նշում է, որ որոշ վետերաններ «ընդունարանում անօրինական գործողություններ են կատարել, կոտրել են համակարգչային տեխնիկան, մուտքի դուռը, տուռնիկետը, վնասել պետական գույքը»։ «Այդ կապակցությամբ նույնպես միջոցներ կձեռնարկվեն»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։