Շիրակի մարզի դպրոցներից ամեն տարի հեռանում է 50 աշակերտ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզի «Բալատոն» ավագ դպրոցի տնօրեն Արուսյակ Հովհաննիսյանը` խոսելով մարզում արդեն իսկ ձևավորված ավագ դպրոցների խնդիրների մասին:
Տեղեկացնենք, որ այժմ Շիրակի մարզում գործում է 3 վարժարան, 1 հատուկ, 24 հիմնական և 10 ավագ դպրոց: Ձևավորված ավագ դպրոցներից մեկը «Բալատոնն» է, որը եղել է վարժարան և տնօրենի նախաձեռնությամբ` այժմ ավագ դպրոց է:
Կրթական հաստատությունները ավագ դպրոցի կարգավիճակ են ստացել վերջին երեք տարիների ընթացքում և անմիջապես անցել ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ: Ի տարբերություն հիմնական դպրոցների, ավագ դրոցներն ունեն հոսքային առարկաների համար նախատեսված ժամաքանակ:
«Նախկինում վարժարանում գործում էին չորս հոսքեր` բնագիտական, հումանիտար, ֆիզմաթ և տնտեսական, սակայն վերջին երկու տարվա ընթացքում մենք նպատակահարմար ենք գտել կենտրոնանալ երկու հոսքերի վրա` տնտեսագիտական և հումանիտար»,- նշեց ավագ դպրոցի տնօրենը` հավելելով, որ տարիների ընթացքում աշակերտների կողմից վերաբերմունքի փոփոխություն է նկատվել, և սկսել են ավելի քիչ դիմել:
«Ֆիզմաթ և բնագիտական հոսքերում պետք է հավաքվեն յուրահատուկ ընդունակություն ունեցող երեխաներ, որը Շիրակի մարզի համար գերխնդիր է»,- շարունակեց Ա. Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ այսօր մարզում կա բնակչության խնդիր, գործազրկության բարձր տոկոս, սոցիալական խնդիր, որն ազդում է կրթության մակարդակի վրա: «Երբ ուստարվա սկզբին ես գիրք եմ բաժանում, ամեն երրորդ ծնող դիմում է գրում, պատճառաբանելով, որ սոցիալական վատ վիճակի պատճառով չի կարող երեխայի համար գիրք ձեռք բերել»,- ցավով փաստեց Ա. Հովհաննիսյանը:
Անդրադառնալով դպրոցների աշակերտական կազմին`ընդգծեց, որ ժամանակին 620 աշակերտ ունեցող վարժարանում այժմ սովորում են 127-ը, այսինքն` մի քանի տարվա ընթացքում կազմը կտրուկ պակասել է՝ մի քանի հարյուրով:
Այն հարցին՝ արդյո՞ք ավագ դպրոցներն ապահովում են այնպիսի գիտելիքներ, որոնք բավարար են բուհ ընդունվելու համար, տնօրենը պատասխանեց, որ գիտելիքի նման որակ կլինի ժամանակի ընթացքում, երբ ուսուցիչներն այս համակարգում ավելի հմտանան:











































