Ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցի ժամանակ Կալիֆոռնիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող ու դոցենտ Գորդոն Հանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցույց է տվել Հարավային Կովկասով լրջորեն զբաղվելու իր անընդունակությունը.
«Դժբախտաբար, Հարավային, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը չկան Օբամայի վարչակազմի օրակարգում։ Այսօր նրա օրակարգում են գտնվում բազմաթիվ այլ անհետաձգելի խնդիրներ. համաշխարհային ֆինանսատնտեսական անկայունությունը, Աֆղանստանը, Իրաքը, Ալ-Կաիդան, «Արաբական գարուն»-ը (որն, ամենայն հավանականությամբ, կհիշվի որպես «Արաբական սարսափ»), Չինաստանը՝ իր «խաղաղ աճով» և Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Վրաստանի նկատմամբ Բուշի վարչակազմի քաղաքականությունը հանգեցրեց Ռուսաստանի հետ հակամարտության, որում ԱՄՆ-ը ո՛չ կամք, ո՛չ էլ հնարավորություն ցուցաբերեց միջամտության համար, ինչն ի ցույց դրեց ՆԱՏՕ-ի ընդլայնման ճանապարհով տարածաշրջանով լրջորեն զբաղվելու նրա անընդունակությունը։
Սակայն դա չի նշանակում, թե ԱՄՆ-ի համար այստեղ կարևոր հարցեր չկան՝ ներառյալ Հարավային Կովկասի անվտանգությունը։ Սակայն այդ խնդիրներն ավելի շատ կապված են ոչ թե ռուսական որևէ սպառնալիքի, այլ՝ գլոբալ ջիհադական հեղափոխական միության՝ այսպես կոչված Կովկասյան էմիրությունների հետ։ Այն կարող է սպառնալ տարածաշրջանի խողովակաշարերին։
Մյուս կողմից էլ՝ տարածաշրջանի զարգացմանն ու ԵՄ-ին ինտեգրմանը խոչընդոտում են ղարաբաղյան հակամարտությունն ու Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցը»։