Մոսկվան ստացել և ուսումնասիրում է Իտալիայի առաջարկած ծրագիրն՝ ուկրաինական պատերազմը հաղթահարելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Նման պլանի առկայության մասին իտալական լրատվամիջոցները հայտնել էին անցյալ շաբաթ։ Փաստաթուղթը պատրաստվել է Իտալիայի կառավարության կողմից և ուղարկվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և G7-ի երկրներին։
Ուկրաինայի իշխանությունները նույնպես հայտնել են, որ կծանոթանան առաջարկներին։ Ինչպես գրել է իտալական «La Repubblica» պարբերականը՝ պլանը բաղկացած է չորս կետից. առաջինը ենթադրում է հրադադար և առաջնագծի ապառազմականացում՝ ՄԱԿ-ի հսկողության ներքո, այնուհետև պետք է սկսվեն Ուկրաինայի կարգավիճակի շուրջ բանակցությունները։ Իտալիայի իշխանություններն առաջարկում են ամրագրել երկրի չեզոք կարգավիճակը, բայց և թույլ տալ՝ միանալ ԵՄ-ին:
Դրանից հետո պետք է պայմանագիր կնքվի «վիճելի տարածքների» կարգավիճակի վերաբերյալ։ Դա ենթադրում է լայն ինքնավարություն Ղրիմի և Դոնբասի համար, որոնք կկարողանան ինքնուրույն լուծել լեզվի և անվտանգության հարցերը՝ միաժամանակ մնալով Ուկրաինայի ինքնիշխան տարածք։ Ի վերջո, դրանից հետո պետք է կնքվի Եվրոպայում խաղաղության և անվտանգության վերաբերյալ բազմակողմ պայմանագիր։