Երևանի «Մելլաթ բանկը» ուղղակի գումարային փոխանցումների դաշտում որոշ ժամանակով դադարեցրել էր Իրանի բանկերի հետ համագործակցությունը: Այսինքն, իրանական բանկերի քարտերով Երևանի Մելաթ բանկից գումար ստանալ հնարավոր չէր:
«Մելլաթ բանկից» «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արդեն 2 օր է բանկային այդ գործառույթը վերսկսվել է, և դրամական փոխանցումները տրվում են:
«Մոտ 20 օր դադարեցված էր դրամական փոխանցումների իրականացումը: Դա Իրանի կենտրոնական բանկի որոշումն էր»,- ասացին «Մելլաթ բանկից»:
Նշենք, որ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1992 թ.՝ ՀՀ և ԻԻՀ միջև «Բարեկամության և համագործակցության մասին» համատեղ հայտարարության հիման վրա՝ ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ «Մելլաթ» պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ «Մելլաթ» բանկի երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995 թ.: «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը ԻԻՀ «Մելլաթ բանկ» ԲԲԸ -ն է:
«Մելլաթ բանկը» Հայաստանի բանկերի միության անդամ է:






































