«Արի տուն» ծրագիրը, որում ներառված են 13-20 տարեկան երիտասարդներ, այս տարի նախաձեռնեց «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցը», որտեղ ընդգրկված են 21-30 տարեկան երիտասարդներ: Հիշեցենք, որ այն այս տարի տևեց երկու շաբաթ՝ օգոստոսի 1-14-ը, և որոշում կայացվեց, որ այն շարունակական բնույթ է կրելու:
Երիտասարդները ծրագրի շրջանակներում ոչ միայն հանդիպել են բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այլև այցելել են մի շարք գերատեսչություններ: Նրանց հետ անցկացվել են դասընթացներ, այդ թվում՝ տեղեկատվության անվտանգության թեմաներով: Սա իր դրական ազդեցությունն է թողել, քանի որ նրանք վիրտուալ տարածության մեջ առանձին խմբեր են ստեղծել:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ «Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության» հ/կ-ի ղեկավար Ատոմ Մխիթարյանը:
Իսկ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ավելացրեց, որ վիրտուալ տարածության մեջ այդ խմբերը օգնում են հատկապես Ցեղասպանության միջազգային ճանաչման և ղարաբաղյան խնդրի լուծման հարցում:
«Կան շատ կառույցներ, որոնք շատ ակտիվ զբաղվում են Ցեղասպանության ճանաչման գործով, բայց ղարաբաղյան խնդիրը գրեթե չի գիտակցվում որպես այսօրեական: Իսկ վիրտուալ տարծության մեջ նման խմբերի միջոցով փորձվում է այդ բացը լրացնել»,-ավելացրեց փորձագետը:
Նրա խոսքերով՝ տեղեկատվության անվտանգության հարցերը հնարավոր չէ լուծել, որովհետև խնդիրները այդ ոլորտում ավելանում են: Մի քանի տարի առաջ, օրինակ, Facebook գոյություն չուներ:Այնինչ այսօր այն շատերի համար գլխացավանք է, իսկ մի մասի համար էլ երջանկություն: Դրանից հետո կգա Twitter-ը, որ Հայաստանում դեռ մոդայիկ չէ, և այսպես շարունակ:Այսիքն դա շատ հեղհեղուկ ոլորտ է:
Միաժամանակ՝ նա նկատեց, որ եթե մի քանի տարի առաջ հակերային հարձակումները շատ էին, և Հայաստանն էլ մի բաց ոլորտ էր, որտեղ հակերները մտնում-ջարդում-դուրս էին գալիս, հիմա, թե՛ պետական ոլորտն է պահպանված, թե՛ մասնավորը:










































