Ամերիկահայ հասարակությունը երկուշաբթի օրը ԱՄՆ պետդեպարտամենտին կներկայացնի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մուտքը ԱՄՆ արգելելու պահանջը:
Արդեն մի քանի օր է, ինչ Լոս Անջելես քաղաքում բնակվող հայերը շարունակում են կազմակերպված ստորագրահավաքը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մուտքը ԱՄՆ արգելելու նպատակով:
Նախաձեռնության կազմակերպիչներն են «Վարագույր» TV AMGA հեռուստաընկերության «Վարագույր» հաղորդաշարի մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանը և նույն հեռուստաընկերության «Հայացք» հաղորդաշարի մեկնաբան Անահիտ Մարտիրոսյանը, ովքեր հաջորդ շաբաթ պահանջը կներկայացնեն ԱՄՆ պետդեպարտամենտին, վերջինս էլ կպարտավորվի գրավոր տեսքով պատասխանել պահանջին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցելու է հյուպատոսարանի նոր շենքի բացման արարողությանը: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռ. Հովսեփյանը, արդեն իսկ հավաքվել է 15 հազար ստորագրություն, այս թիվը շաբաթվա սկզբին կգերազանցի 16 հազարը: Նա նաև նշեց, որ ամերիկահայերը նախաձեռնությանը բուռն ոգևորությամբ են մասնակցում` հուսալով, որ, այնուամենայնիվ, Պետդեպարտամենտը դրական կարձագանքի պահանջին:
Նշենք, որ սա առաջին ստորագրահավաքը չէ ` կազմակերպված ՀՀ նախագահի դեմ: Լոս Անջելեսում նման ստորագրահավաք կազմակերպել էին 2008 թ. նախագահական ընտրություններից հետո ևս` համոզված լինելով, որ նախագահական ընտրությունները կեղծված են:
«Եթե Ռուսաստանի, եթե մյուս երկրների տոտալիտար քաղաքական գործիչներին թույլ չեն տալիս Միացյալ Նահանգներ մտնել, ինչի՞ եք թույլ տալիս Հայաստանի տոտալիտար, հանցագործ նախագահին մտնել Միացյալ Նահանգներ»,- դժգոհություն հայտնեց Հովսեփյանը` հավելելով, որ այս պահանջով ամերիկահայերն ընդգծում են, որ չեն ուզում Հայաստանն այսպիսին տեսնել և ասում են «ո՛չ» ավազակապետական ռեժիմին:








































