Թուրքական Haber Vitrini կայքի փոխանցմամբ՝ Բաղդադում Թուրքիայի դեսպան Մուրադ Օզչելիքը կանչվել է Իրաքի արտգործնախարարություն։ Թուրք դեսպանին հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Հյուսիսային Իրաքի սահմանամերձ շրջաններում Թուրքիայի իրականացրած վերջին ռազմական գործողությունների հետ։
Իրաքի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Ալդորկին թուրք դեսպանին հայտարարել է, որ Թուրքիան խախտել է Իրաքի սահմանը և պահանջել սահմանամերձ գոտում ընթացող ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Հաքքարի-Չուքուրջա ճանապարհին սպանեց 8 թուրք զինծառայողի ու 1 գյուղական պահապանի և վիրավորեց 11 զինծառայողի, թուրքական ռազմաօդային ուժերն ու հրետանին սկսեցին ռմբակոծել Հյուսիսային Իրաքի սահմանամերձ շրջանները, որոնցում գտնվում են PKK-ի ճամբարները։
Ի դեպ, ներկայումս խոսակցություններ են շրջանառվում, թե Ռամադան ամսի ավարտից հետո Թուրքիան կարող է Հյուսիսային Իրաքում ձեռնարկել ցամաքային խոշոր օպերացիա։








































