Բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի բարեգործական համերգաշարը տեղի կունենա Հայաստանում և Արցախում։ Այս համերգները կազմակերպվում են ջազմենի նոր՝ A Fable ալբոմի լույսընծայման առիթով։
Տիգրան Համասյան Սոլո Տրիո (Տիգրան Համասյան-դաշնամուր, Սամ Մինայե- բաս, Արի Հոենիգ-հարվածայիններ) համերգները կկայանան`
սեպտեմբերի 18-ին և 20-ին Երևանում՝ Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում, սեպտեմբերի 17 –ին՝ Ստեփանակերտում, իսկ սեպտեմբերի 19-ին՝ Գյումրիի
Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Համերգների հասույթը կտրամադրվի «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» բարեգործական հասարակական կազմակերպության ծրագրերի իրականացմանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Համասյանը նոր է ավարտել հերթական փառատոնային համերգաշրջանը։ Հուլիսին մասնակցել է Մարոկկոյի Էսաորիայի ջազի և աշխարհի երաժշտության փառատոնին, իսկ օգոստոսի 8-ին նվագել է Ֆրանսիայի Մարսիակ քաղաքում անցկացվող Marciac jazz festival ամենամյա հայտնի փառատոնի շրջանակներում։










































