Եթե երկրի ներսում ցնցումներ ենք առաջ բերում, փոխհարաբերվում ատելության այս չափաբաժնով, արտաքին հարթակում թույլ ենք լինելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ատելության մթնոլորտով, հայհոյանքներով դրական հարց լուծել չենք կարող․ «Սա քաղաքական պայքար չէ, փողոցային պայքար է: Ատելության ու թույնի այս չափաբաժինը անհասկանալիէ․ քաղաքականության մեջ փոքր պատուհան է պետք: Ընդդիմությունն ու իշխանությունը փակում են համագործակցության բոլոր ճանապարհները, ինչը շատ վտանգավոր է մեր երկրի համար»:
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին, իրավապաշտպանը հիշեցրեց՝ ունեցել ենք ոստիկանություն, որը եղել է մահակ իշխանության ձեռքին․ «Ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, բայց չպետք է լինի այնպիսին, ինչպիսին էր: Ոստիկանության՝ «սովետական միլիցիայից» դուրս գալու քայլերը չենք կատարել, ականատես ենք չարդարացված բռնությունների»: