Նախօրեին պարզ դարձավ, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթների իրականացման (overflight) հնարավորություն։ Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը․ «Նշենք, որ Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի»։
Այս առնչությամբ ավիացիայի փորձագետ Նավիկ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Նախկինում Թուրքիայի օդային տարածք մտել են մեր օդանավերը, հիմա եթե քաղաքական որոշումներ կան, որ կարգավորում ենք հարաբերությունները և եթե իրենց օդանավերն ամեն օր թռչում են Ադրբեջան, ի՞նչ պատահեց, որ Հայաստանի օդանավերին թույլ չեն տալիս մտնել Թուրքիայի օդային տարածք: Սա անհեթեթություն է: Բացի այդ, կա քաղաքականություն, որն օժանդակում է, որ ամեն երկիր, որը պոտենցիալ ճանաչում է ԵՄ-ի ժողովրդավարական արժեքները, ինքը չպետք է խոչընդոտ հադիսանա մյուս երկրների օդանավերի համար:
Եթե ինչ-որ թեմա է եղել, դրա համար են փակել, դա կարող էին անել: Օրինակ, եթե հատուկ ծառայությունները տեղեկատվություն ունեն, որ այդ չվերթով ինչ-որ արգելված կամ անցանկալի բեռ է տեղափոխվում, կարող են չթողնել: Բայց պետք է ապացուցեն, հենց այնպես չեն կարող ասել՝ չեք կարող թռչել ու վերջ»:
Դիտարկմանը, որ գուցե Թուրքիայի այս քայլը կապված է Հայաստան-Թուրքիա բանակցությունների հետ, գուցե այնտեղ ինչ-որ բան այն չէ և սա որպես ճնշման գործիք է օգտագործվում, Նավիկ Խաչատրյանն ասաց. «Այո, ես էլ եմ այդ կարծիքին: Ինչ-որ մի բան այն չէ: Ո՞նց կարելի է գնալ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման և միաժամանակ թույլ չտալ օդային տարածքն օգտագործելը, դա անհնար է: Կամ ինչ-որ բան է եղել, որը մենք չգիտենք, շուտով կիմանանք, կամ էլ ինչ-որ բացատրություն է պետք, թող բարի լինեն քաղավիացիայի վարչությունից պատասխանեն»:
Նա ցավով արձանագրեց, որ Հայաստանի ավիացիան 20 տարով հետ է մնացել աշխարհում ավիացիոն զարգացումներից. «Մեզ մոտ ավիացիան զրոյական է: Այսօր աշխարհի ավիացիայում այնպիսի բաներ են կատարվում, այնպիսի ուղղություններ են փոխվում, այնպիսի ինֆորմացիա է մեկը մյուսին փոխանցում, իկ մենք չկանք այդ ասպարեզում: Սա ցավալի է արձանագրելը: Արմավիայի սնանկացումից հետո մնացած ամեն ինչը վարի տրվեց, ավիացիան իջավ պլենտուսից ցածր»:
Ավիացիոն փորձագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս, որ ինչպես ժամանակին Մետաքսի ճանապարհը անցնում էր Սյունիքով, հիմա էլ Հայաստանը կարող էր իր խոշոր օդանավերով Չինաստանն ու Հնդկաստանը կապել Եվրոպայի հետ. «Մենք դրա համար 2019-ին բիզնես պլան էինք գրել, ներկայացրել Տաթևիկ Ռևազյանին, բայց մերժեց՝ ծիծաղելի պատճառաբանությամբ»,-ասաց նա:










































