Հայաստանում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերն ու անհնազանդության ակցիաներն արժանանում են ամենատարբեր գնահատականների: Ընդդիմության ներկայացուցիչներն իշխանություններին մեղադրում են դավաճանության մեջ, նշում են, որ դուրս են եկել պայքարի, որ իրենց խոսքերով կասեցնեն պարտությունների շղթան: Իշխանությունն էլ իր հերթին հայտարարում է, թե ընդդիմությունն օրակարգ չունի:
Ուշագրավ է սակայն, որ Ազգային ժողովի դահլիճը լքած, բայց մանդատներից չհրաժարված քաղաքական ուժերը չեն խոսում նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկելու մասին: Այն հիշեցնենք եռակողմ է՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որի հետ միութենական պետություն կազմելուն նույն այդ ընդդիմությունն առնվազն դեմ չէ: Փողոց դուրս եկածները խոսում են Հադրութն ու Շուշին հետ բերելու մասին, սակայն չեն նշում դա իրականացնելու մեխանիզմները:
Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի ֆոնին, Հայաստանում այս օրերին անցկացվող ցույցերն էլ ավելի մեծ հետաքրքրության են արժանանում: Փորձագետ Արբակ Խաչատրյանը, սակայն, գտնում է, որ հենց աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում Հայաստանում տեղի ունեցողը խիստ վտանգավոր է. «Ներսի խաղը կարող է անկանխատեսելի լինել, ընդհուպ չեմ բացառում, որ ուկրաինական «թեժ կետը» տեղափոխվի մեր երկիր: Ես չեմ հարցնում ով է մեղավոր, ով ճիշտ, ով սխալ: Մենք 25 տարի շարունակ մեղադրանքներ էինք լսում, հիմա էլ իր ձեռքն է՝ ինչու՞ այս վիճակն ունեցանք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարցադրում արեց Խաչատրյանը՝ շեշտելով, որ եթե թեժ կետը տեղափոխվի այստեղ, մենք Ուկրաինայի նման պայքարելու ռեսուրս չունենք:
Խաչատրյանի խոսքերով՝ Եվրոպային այդ կետի տեղափոխումն առանձնապես չի հուզի ու մենք չենք կարող Ուկրաինայի նման աջակցության հույս ունենալ. «Ի՞նչ գիտենք, որ սլավոնական երկրի պատերազմն այստեղ չի տեղափոխվի, որտեղի՞ց այդքան վստահություն: Իրենք ուրախ կլինեն, որ այդպես լինի, Զելենսկին էլ մնա հերոս»:
Արբակ խաչատրյանը բացառում է, որ հայաստանյան ցույցերը Կրեմլի ուղղորդումն ունենան. «Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանը ևս չուներ աջակցություն, բայց հետագայում դարձավ «ջեքփոթ» Ռուսաստանի համար: Հիմա Ռուսաստանի գլխին այնքան խնդիրներ են կուտակվել, որ եթե նույնիսկ ուզենար Հայաստանում իշխանություն փոխել՝ չէր խառնվի»:
Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշում է, որ գուցե փողոց դուրս եկած ընդդիմադիները ցանկանում են ներկայացնել,թե ունեն Ռուաստանի աջակցությունը, բայց դա իրականությանը չի համապատասխանտում. «Դա ևս տարբերակ է, վերջիվերջո՝ մի բան պետք է չէ՞ ներկայացնեն: Բայց կրկնում եմ՝ այսօր Նիկոլ Փաշինյանից ավելի շատ ոչ ոք Ռուսաստանին ձեռք չի տալիս: Ռուսաստանը Հայաստանից ստանում է այն, ինչ ստացել դեռ ոչ ոքի օրոք»,-եզրափակեց փորձագետը:












































