Մայիսի 2-6-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր՝ մասնակցել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին։ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և պետքարտուղար Բլինքենը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ:
Ատոմակայանների շահագործման ԳՀԻ տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը ողջունում է նման հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ ԱՄՆ-ն խոշոր պետություն է, որտեղ մոտ 101 միջուկային ռեակտոր է շահագործվում ԱՄՆ-ում։
«Իմիջիայլոց, ամենաշատ ատոմակայաններն իրենք ունեն, բայց քանի որ իրենց սպառված էլեկտրական էներգիայի քանակն ահռելի է, ատոմային էներգետիկան կազմում է 20 տոկոսը։ Սա մեծ տոկոս է։ Պարզ է, որ Ռուսաստանը մեր բարեկամն է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, բայց կարևոր է, որ նման խոշոր տերության հետ մենք նույնպես ունենանք ստորագրած հուշագիր, ինչը մեզ հնարավորություն կտա օգտվելու այն տեխնոլոգիաներից, որոնք կիրառվում են ԱՄՆ-ում։ Օրինակ, մեր ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումներին նրանք ակտիվ մասնակցություն են ունենում առայսօր։ Նրանք գումար են ներդնում, որպեսզի ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնենք։ Եվ այս ընթացքում շատ սարքավորումներ, տեխնոլոգիաներ են նրանք նվիրել մեզ»,-հավելեց Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։
Նրա խոսքով, այսօր ամերիկացիները ամերիկյան տեխնոլոգիայով մեծամասշտաբ վարժասարք պետք է մշակեն, և դա արվում է ամերիկյան փողերով. «Այդ տեխնոլոգիան նրանք տալիս են Հայաստանին: Կարող է պատահել, որ մեր մասնագետներն ապագայում ամերիկյան տեխնոլոգիայով նախագծերի մասնակցեն, ինչը ենթադրում է և նոր աշխատատեղեր, և կադրերի աճ: ես շատ ուշադիր կարդացել եմ հայ-ամերիկյան այդ հուշագիրը և նշել, որ դիտողություններ չունեմ: Հուշագիրը վերաբերում է և կրթության ոլորտին և երիտասարդ կադրերի պատրաստմանը, դրանք շատ լավ բաներ են»,-ասաց Վարդան Պետրոսյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը համագործակցում է ԱՄՆ-ի հետ նաև միջուկային անվտանգության ոլորտում: Պետրոսյանը հիշեցրեց, որ դեռևս Օբամայի օրոք միջուկային անվտանգությանը նվիրված համաժողով է տեղի ունեցել. «Այնտեղ փաստաթղթեր են ստորագրվել, որով Հայաստանը պարտավորվել է, որ թույլ չտա ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառություն տեղի ունենա: Դա շահավետ է և Հայաստանի համար, և մարդկության համար:
Մի քանի օր առաջ ամերիկացիները Երևանում փոքր մոդուլյար ռեակտորների վերաբերյալ սեմինար անցկացրեցին: Ինչու ոչ, մենք կարող ենք տեսնել, թե ո՞ր տեխնիկան է մեզ ձեռք տալիս, որն է ավելի էժան, ավելի հուսալի, ավելի անվտանգ: Հայաստանին այսօր ձեռք է տալիս միջին և ցածր հզորության ատոմակայաններ, որպեսզի մեր ցանցերի հետ աշխատի: Նայենք, տեսնենք, թե ինչ կարժենա, ով կֆինանսավորի, ըստ այդմ, կարող է ձեռնտու լինի դրանք տեղադրել Հայաստանում: Այնտեղ բաներ կան, որ ավելի ռեալ են, մասնավորապես, կադրերի պատրաստման, փորձի փոխանակման, տեխնոլոգիաների փոխանակման առումներով: Այդ առումով դա կարող է օգտակար լինել մեզ համար»,-ընդգծեց Վարդան Պետրոսյանը:









































