Կառավարությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արաբական Էյդ ալ Ֆիտր տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների ղեկավարների: Շնորհավորական ուղերձներ են հղվել Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Կատարի պետության, Թունիսի, Սիրիայի, Հորդանանի Հաշիմինյան թագավորության, Իրաքի, Քուվեյթի առաջնորդներին: Էյդ ալ Ֆիտր տոնը կապված է մահմեդականների սրբազան ամսվա՝ Ռամադանի ավարտի հետ:
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձների շարքում նկատելի է մի բացակայություն: Հայաստանի վարչապետը չի շնորհավորել Սաուդյան Արաբիայի առաջնորդներին: Հայաստանը Սաուդյան Արաբիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություն: Միևնույն ժամանակ, արաբական, իսլամական աշխարհի այդ կարևորագույն դերակատարի հետ վերջին տասնամյակում նվազագույնն առկա էր անկախության տոների, ինչպես նաև նախագահական պաշտոնամուտերի կապակցությամբ շնորհավորական որոշակի պրակտիկա: Նախորդ տարի սակայն հայ-սաուդական հարաբերության առումով արձանագրվեց աննախադեպ քայլ: Հայաստանի այն ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այց կատարեց Սաուդյան Արաբիա, որն առաջինն էր Հայաստանի անկախության շրջանում: Ահա այդ ֆոնին, թերևս որոշակիորեն օրինաչափ կլիներ, եթե չնայած դիվանագիտական հարաբերության բացակայությանը, Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ հղեր նաև Սաուդյան Արաբիայի առաջնորդներին՝ Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ:
Այդ իմաստով, ուղերձների շարքում ՍԱ բացակայությունը հարց է առաջացնում, թե արդյո՞ք Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Երևանի համար չի ունեցել բավարար արձագանք, ինչի պատճառով էլ Հայաստանը այսպես ասած չի շարունակում «տոն տալ» ՍԱ հետ հարաբերության ուղղությամբ, թե՞ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցի «բուն աշխատանքը» եղել է ոչ թե Հայաստանի պետական քաղաքականության, այլ նրա մասնավոր գործունեության համատեքստում: Իր հերթին, Սաուդյան Արքայազնի հետ որոշակի առնչություն ունեցել է նաև Նիկոլ Փաշինյանը, իր վարչապետական պաշտոնամուտից կարճ ժամանակ անց՝ 2018-ի հունիսին Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին: Մեկնարկային խաղում մրցում էին Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի թիմերը: Առաջնության բացմանն ու մեկնարկի խաղին հրավիրված երկրների առաջնորդների շարքում էր նաև Հայաստանի վարչապետը և մարդաշատի կուլիսներից կան պաշտոնական լուսանկարները, երբ Հայաստանի վարչապետը և Սաուդյան Արաբիայի Արքայազնը մի քանի այլ երկրների ղեկավարների հետ նույն սեղանի շուրջ էին: Սա իհարկե բոլորովին հնարավոր չէ դիտարկել երկուստեք շփում, որովհետև զրույցը ընդհանուր էր, այդուհանդերձ ուշադրության արժանի նրբերանգ լինել կարող է: Բոլոր դեպքերում, Սաուդյան Արաբիան ներկայումս ոչ միայն արաբական աշխարհի, իսլամական աշխարհի, այլ գործնականում մերձավորարևելյան-պարսիցծոցյան ռեգիոնի առանցքային դերակատար երկրներից է, որոշակկիորեն աճող միջազգային դերակատարումով: իսկ խոսքը այնպիսի ռեգիոնի և ընդհանրապես միջազգային այնպիսի շրջանակի մասին է, որը էական ազդեցություն ունի կովկասյան անվտանգության համակարգի վրա: Այդ իմաստով, Հայաստանի համար թերևս արդիական է մնում Սաուդյան Արաբիայի հետ առնվազն աշխատանքային հարաբերությունը խորացնելու հարցը:











































