Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը լավ հնարավորությհուններ ունեն եռակողմ ձևաչափով փոխգործակցության համար և ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։
Ալիևի խոսքով՝ «Վրաստանը կիսում է այդ դիրքորոշումը»՝ հույս հայտնելով, որ «Հայաստանը կհասկանա, որ դա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է»։
Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն կարծում է, որ նման հնարավորությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումներից․
«Վերջերս երկու տարբերակ է առաջարկվել՝ Բրյուսելում և Մոսկվայում։ Բրյուսելում՝ խաղաղության պայմանագրի արագ կնքում և զարգացում ԵՄ ֆինանսավորմամբ։ Մոսկվայում՝ բանակցություններ հանուն հակամարտությունը երկար ժամանակով սառեցնելու բանակցությունների։ Ապագան ցույց կտա»․- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Վասաձեի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը համընկնում է Եվրամիության դիրքորոշման հետ․ «Հասկանալի է, որ մենք տարածաշրջանում խաղաղություն ենք ուզում»,-ասաց մեր զրուցակիցը։
Արդյոք Հարավկովկասյան երեք երկրների համագործակցությանը դեմ չեն լինի երրորդ երկրները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցը նկատեց․ «Ռուսաստանը կողմ է ստատուս քվոյին, ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ, ռուսական զորքերը Ղարաբաղում. Թուրքիայի դիրքորոշումը կճշգրտվի 2023 թվականի ընտրություններով։ Եթե մինչ այդ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն, և բոլոր սահմանները բացվեն, Էրդողանը դա կգրի որպես առավելություն ընտրություններում»,-եզրափակեց նա։
Վրացահայ քաղաքական մեկնաբան, «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ Վրաստանը մշտապես հայտարարել է ու հիմա էլ նշում է, որ եռակողմ համագործակցության ձևաչափն իր առաջնահերթությունների ցանկում է․ «Վրաստանին ու Ադրբեջանին «բարիշացնելու» փորձերը մշտապես եղել են, բայց ցավոք սրտի հաջողությամբ չեն պսակվել։ Ես հիշում եմ՝ դեռ տաս տարի առաջ, բավականին լուրջ մակարդակում այդպիսի փորձեր արվեցին, բայց չստացվեց»,-ասաց մեր զրուցակիցը։
Ստեփանյանն ընդգծեց՝ Վրաստանը շատ լավ հասկանում է, որ տարածաշրջանում տնտեսական պոտենցիալը մի քանի անգամ կմեծանա, եթե երեք երկրները գտնեն համագործակցության բանալին։
Խոսելով այն մասին, թե արդյոք այդ համագործակցությանը դեմ չի լինի Թուրքիան, Առնոլդ Ստեփանյանն ասաց․ «Իհարկե ո՛չ։ Թուրքիային ձեռնտու է տարածաշրջանային համագործակցությունը՝ եռակողմ ֆորմատով։Կարծում եմ՝ առհասրաակ բոլորին է ձեռնտու տարածաշրջանում կայունությունն ու տնտեսական զարգացումը։ Թուրքիան հարևան է, որն իր մեծ հետաքրքրություններն ունի տարածաշրջանում և կա հեռանկար այս տարածաշրջանի միջոցով այլ տարածաշրջաններ դուրս գալու համար։ Այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսին օրինակ Միջին Ասիան է։ Իհարկե Թուրքիային ձեռնտու է տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը»։
Եզրափակելով մեր զրուցակիցն ասաց՝ հանգույցը Երևանում ու Բաքվում են և հենց այդ մայրաքաղքներում էլ պետք է փորձել լուծումներ գտնել։












































