Խորհրդարանական ընդդիմությունը սկսել է պայքար Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Նիկոլ Փաշինյանի պայքարի մեթոդներով, որով նա թավշյա հեղափոխությամբ իշխանության եկավ 2018 թվականի ապրիլին: Ունի՞ այդ մեթադաբանությունը հեռանկար: Ոչ, և այն նույնիսկ առաջացրել է հանրության զավեշտալի արձագանք: Իսկ մեթոդաբանությունն ինքնին հեռանկար չունի, որովհետև դրանով առաջնորդվող քաղաքական ուժերը ունեն անհամեմատ ավելի ցածր հանրային վարկ, քան Նիկոլ Փաշինյանը, որին ուզում են հեռացնել իշխանությունից: Եթե իհարկե ուզում են հենց դա, այլ ոչ թե հակառակը՝ թուլացնել նրա իշխանությունը և այդ կերպ մղել արտաքին դաշտում զիջումների, կամ այլ կերպ ասած՝ նրան մղել «սև գործն» անելու, որ Հայաստանի շուրջ առկա է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի հետևանքով: Այդ դեպքում Փաշինյանը ներսում կթուլանա ավելի, և այդժամ գուցե նրան հեռացնելը կդառնա առավել իրատեսական, իսկ իշխանությունը՝ արդեն առավել հարմարավետ, քանի որ «սև գործն» արած կլինի Փաշինյանը և դեռ երկար ժամանակ էլ հնարավոր կլինի խնդիրները բարդել նրա անարդյունավետության, ապաշնորհության և այլ «հատկանիշների» վրա: Սա թերևս մի վարկած, որ կարող է դիտարկել խորհրդարանական ընդդիմությունը, հատկապես այն դեպքում, երբ ներկայումս այդ ընդդիմությունն ունի մեկ այլ խնդիր էլ՝ ներքին հարաբերությունները, ինչը խնդիր է որևէ իշխանություն «բաժանելու» կամ «կիսելու» համար:
Հետևաբար, կա ոչ միայն Փաշինյանին թուլացնելու պայքար, այլ պայքար նաև միմյնաց միջև՝ ընդդիմության առաջնորդության համար: Իսկ այդ պայքարն այսօր կարծես թե երկու ավանդական թևերից՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից բացի ստանում է երրորդին՝ Արթուր Վանեցյանին: Բայց, մեկ այլ դիտանկյունից, փորձելով թուլացնել Փաշինյանին, խորհրդարանական ընդդիմությունը կարող է «ապահովել» լիովին հակառակը՝ ուժեղացնել նրան, ընդ որում թե ներսում, թե նաև դրսում:
Այն, որ նախկին իշխանության նախկին կառավարող համակարգի վերադարձի որևէ հավանականություն հանրությանը մոբիլիզացնում է Փաշինյանի շուրջ, պարզորոշ արտահայտվեց 2021-ի հունիսին: Միևնույն ժամանակ, սակայն, այդ ամենը ստատիկ երևույթ չէ, առավել ևս, որ ստատիկ չէ միջազգային իրադրությունն ու Հայաստանն ու Արցախը շրջապատող ստատուս-քվոն: Բայց, այստեղ է նաև, որ մարտահրավերներից խուսանավելու համար Փաշինյանն ունի թերևս երկրի ներսում այն օրակարգերի մերժում, որոնց նա բախվում է արտաքին դաշտում: Պատկերացնենք օրակարգ, որն ունի Հայաստանի համար լրջագույն խնդիրներ, բայց Հայաստանը չունի այն մերժելու հարցում ճկունություն և ուժ: Եթե երկրի ներսում չի առաջանում դրան ընդդիմացող շատ թե քիչ նկատելի ալիք, ապա Նիկոլ Փաշինյանին պարզապես ցույց կտան խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքն ու չեն ընդունի որևէ առարկություն: Բայց, թվում է հակասություն: Չէ՞ որ նախկին համակարգի առաջացրած որևէ ալիք բարձրացնում է Փաշինյանի հանրային աջակցությունը, այլ կերպ ասած՝ հաստատում ընտրության արդյունքը: Այստեղ սակայն դա միարժեք գնահատման ենթակա հանգամանք չէ, հետևաբար, ծայրահեղ դեպքում, երբ կարող է լինել այդ «հակափաստարկը» արտաքին դաշտից, կլինի նաև ներքին պատասխանի նվազագույնը մի տարբերակ՝ ուրեմն ստուգենք, որևէ քվեարկությամբ, լինի ասենք որևէ վստահության հանրաքվե, թե պարզապես արտահերթ ընտրություն: Իհարկե դա բավականին ծայրահեղ սցենար է, սակայն ամեն ինչ թերևս կախված է այն հանգամանքից, թե որքան ծայրահեղ է արտաքին միջավայրում մթնոլորտն ու գործընթացների տրամաբանությունը, ըստ այդմ Հայաստանի համար որքան է կարևոր թեկուզ մեկ-երկու լրացուցիչ ամիս շահելը: Թե հատկապես ի՞նչ վարկած է ծավալվում Հայաստանում, կամ ո՞ր վարկածն է ծավալվում, բնականաբար կուրվագծվի որոշակի պրոցեսի պարագայում: Առավել ևս, որ հնարավոր վարկածները բոլորովին չեն սահմանափակվում այդքանով և առիթ կլինի առաջիկայում անդրադառնալ նաև այլ տարբերակների:
Լուսանկարը՝ panorama.am-ի









































