Գյումրու դրամատիկական թատրոնի «Բոհեմ» ներկայացման առաջնախաղին հանդիսատեսը կտեսնի Կոկո Շանելին, էդիտ Պիաֆին, Մարինա Ցվետաևային և Ֆրիդա Կալոին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ նշելով, որ պրեմիերան տեղի կունենա ապրիլի 27-ին, 28-ին և 29-ին:
«Յուրաքանչյուր առաջնախաղ թատրոնի համար առանձնահատուկ է ու կարևոր, բայց այս մեկը էլ ավելի կարևոր ու առանձնահատուկ է մեզ համար, որովհետև ներկայացման պիեսը գրել է գյումրեցի երիտասարդ դրամատուրգ: Թատրոնի գեղարվեստական խորհրդով որոշեցինք, որ այս պիեսը պետք է բեմադրվի թատրոնում, և այն պետք է բեմադրի երիտասարդ ռեժիսոր Տաթև Ժաքյանը»,-ընդգծեց Լյուդվիգ Հարությունյանը:
Տնօրենը հավելեց՝ ներկայացումը առանձնահատուկ է նաև նրանով, որ Տաթև Ժաքյանն առաջին անգամ է բեմադրություն անում Գյումրու թատրոնում, և առաջին անգամ է թատրոնն անդրադառնում փաստագրական ժանրին: Տնօրենը համոզված է՝ այս դեռ երկար ժամանակ կմնա թատրոնի խաղացանկում
Լյուդվիգ Հարությունյանը հումորով շեշտեց, որ Տաթևը հավաքել է մի թիմ, որտեղ ընդգրկված են միայն իգական սեռի ներկայացուցիչներ: Ռեժիսորն էլ հավելեց, որ մտածված չի եղել ընտրությունը, ուղղակի այդպես է ստացվել:
Տաթև Ժաքյանը հստակեցրեց՝ հանդիսատեսը բեմում կտեսնի Կոկո Շանելին, էդիտ Պիաֆին, Մարինա Ցվետաևային և Ֆրիդա Կալոին: Նա նշեց, որ ընտրել են արվեստի չորս տարբեր բնագավառի կանանց, ինչը միևնույն ժամանակ հնարավորություն է ընձեռում հասկանալ, որ անգամ տարբեր ժամանակաշրջաններում ու երկրներում ապրող մարդկանց կյանքում ցավն ու ողբերգությունը երբեմն նույնանում է:
«Սա չորս տարբեր կանանց պատմություն է, ովքեր վերջում, կարծես, թե մեկ անհատ են դառնում»,- ասաց նա:
Տաթև Ժաքյանի խոսքով՝ ներկայացման վերնագիրը՝ «Բոհեմ», արդեն իսկ շատ պատասխանատու և շատ սիմվոլիկ է.
«Բոհեմն արվեստագետների մի ընդհանուր զգացողություն է, թե ինչպե՞ս են իրենք ստեղծագործում ու ինչ ներքին դաշտ ու ճանապարհ ունեն, ինչպե՞ս է ստեղծվում իրենց այդ արվեստը և, թե ի՞նչ է մնում այդ արվեստի հետևում. դա հենց բոհեմն է: Մենք բախտ ունենք ներկայացնելու այս չորս կանանց ոչ թե որպես արվեստագետներ, այլ, թե որպես կին, անհատ ինչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցան իրենք, որպեսզի մարդկությանը թողնեին այն, ինչ թողեցին: Մեր մեծագույն առաքելությունն է՝ ցույց տալ, որ իրականում այն, ինչ շատ փայլուն, գեղեցիկ ու սիրուն է թվում, իր հետևում ինչ տառապանք ու արցունքներ է ունենում: Մեր ներկայացումը բացահայտում է իրենց իրական նվիրումը, մենք ասում ենք, որ իրենք արվեստի նվիրյալներ են, և թե այդ նվիրյալ կոչվածն ինչ է»:
Ապրիլի 27-ի, 28-ի և 29-ի տոմսերն արդեն իսկ սպառվել են: Հանդիսատեսը նոր ներկայացումը նորից տեսնելու հնարավորություն կունենա մայիսի 8-ին:
«Հույս ունեմ, որ առիթ կունենանք ներկայացումը բեմ բարձրացնել նաև Հայաստանի մյուս քաղաքներում»,- եզրափակեց Լյուդվիգ Հարությունյանը:










































