Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյանի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով պայմանավորվեցին համագործակցել դատախազության համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները գնահատելու հարցում։
Աղվան Հովսեփյանը, շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցության համար, նշեց, որ այս 20 տարիների ընթացքում դատախազության համակարգում մի շարք բարեփոխումներ են իրականացվել, որոնք ընթացել են երեք փուլով։ Հովսեփյանը մասնավորապես կարևորեց «Դատախազության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք երկու անգամ են կատարվել, իսկ վերջին փոփոխությունը իրականացվել է 2007 թ.։
ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ այժմ ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրենք կգնահատեն այս 4 տարիների ընթացքում դատախազական համակարգի բարեփոխումները, որոնք նախատեսված են եղել 2007-ին ընդունված օրենքով։ Նա տեղեկացրեց, որ Հայաստան է հրավիրվել կանադացի մասնագետ, ով բարեփոխումների գնահատման միջոցով կմշակի համապատասխան առաջարկություններ և դրանց իրականացման մեխանիզմներ, որոնք էլ կիրագործվեն դատախազության աշխատանքների արդյունավետությունը և թափանցիկությունը բարելավելու նպատակով։