Պաշտոնական այցով Մոսկվա մեկնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Նրանք անդրադարձել են ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին։
Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Փաշինյանը և Միշելը քննարկել են նաև Եվրամիության Արևելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարևորությունը: Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը` ընդգծելով ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարևորությունը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հեռախոսազրույցին, նաև թվիթերյան գրառում է արել առ այն, որ «Ամբողջական աջակցություն Փաշինյանի բոլոր ջանքերին` նպաստելու խաղաղ, կայուն և ապահով Հարավային Կովկասին։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Հայաստանը դեռևս ընտրություն ունի արձագանքել արևմուտքի և մասնավորապես Եվրամիության առաջարկին ու փոխարինել իր ռազմավարական կուրսը արտաքին հարաբերություններում ու այն համապատասխանեցնել Եվրամիության ընդհանուր կուրսին․«Անցյալ տարվա մարտի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ ու Ընդլայնված համագործակցության համաձայնագիրը, որի դրույթներից մեկն է, որ Հայաստանն ու Եվրամիությունը ձգտեն ունենալ միասնական արտաքին քաղաքականություն՝ նաև անվտանգության ոլորտում։ Ուստի հասկանալի է Ռուսաստանի Դաշնության բացասական վերաբերմունքը՝ Եվրամիության կողմից Հայաստանին ուղղված առաջարկների հետ կապված, որովհետև Ռուսաստանը վտանգ է տեսնում, որ եթե Հայաստանն ընդունի նման առաջարկ, ապա դուրս կգա իր ազդեցության գոտուց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Ղուկասյանի՝ արևմուտքն աջակցում է խաղաղության պայմանագրի գործընթացին և կողմ է, որ անհապաղ դեէսկալացիա տեղի ունենա հայ-ադրբեջանական սահմանի վրա և նաև Արցախում․«Բայց ես դրա մեջ չեմ տեսնում որևէ ազդակ, որ արևմուտքը կամ Եվրամիությունը կողմ է Արցախի հարցում հրաժարվել արցախի ինքնորոշման սկզբունքից որպես կարգավորման հիմնարար սկզբունք։ Ինչ թվում է՝ նշաձողի իջեցման ամսին միտքը Նիկոլ Փաշինյանի սեփական միտքն է և ինքը դա պարզապես վերագրում է միջազգային հանրությանը։ Համենայնդեպս Եվրամիությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն՝ կարծում եմ, որ այդ դիրքորոշումները չեն կիսում»,-եզրափակեց նա։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով շատ կարևոր է , որ Հայաստանն իրեն ապահովագրում է և համապատասխան սատարում է ստանում նաև արևմուտքից հնարավոր ճնշումներին ընդառաջ, որը կարող է լինել Ռուսաստանի կողմից․ «Այդ իմաստով այս խոսակցությունը շատ կարևոր է, իսկ Ռուսաստանը դրան կարող է վերաբերալ՝ ինչպես ուզում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Մեհրաբյանի՝ ակնհայտ է, որ Հայաստանի խաղաղության օրակարգը դրական արձագանքի է արժանանում արևմուտքում։ Մեհրաբյանը հույս հայտնեց, որ նման վերաբերմունքի այն կարժանանա նաև Ռուսաստանում, սակայն միևնույն ժամանակ մտավախություն հայտնեց, որ Ռուսաստանն այլ պատկերացում ունի խաղաղության մասին․«Ռուսաստանը պատկերացնում է խաղաղություն՝ իրենց հսկողության տակ։ Եթե իրենց հսկողության տակ չէ, ուրեմն չի լինի խաղաղություն։ Դա է Ռուսաստանի ասածը։ Եվ այդ իմաստով պրոցեսի վրա ազդեցությունների բալանսավորումը բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Ուստի այս խոսակցությունը նման շեշտադրումներով շատ կարևոր է»,-եզրափակեց նա։







































