Թուրքական Ankara լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ինտերնետային կայքը, հայտնում է, որ Թուրքիայի սահմաններն ապօրինաբար հատելու և այդ երկիրը լքելու փորձ ձեռնարկելիս ձերբակալվել է 145 մարդ։
Թուրք-հունական սահմանին ձերբակալվել է 69 մարդ, որոնցից 43-ը ներկայացրել են Մյանմարը, 8-ը՝ Պակիստանը, 5-ը՝ Պաղեստինը, 5-ը՝ Էրիթրեան, 5-ը՝ Աֆղանստանը և 3-ը՝ Սոմալին։
Թուրք-սիրիական սահմանի հատման ժամանակ ձերբակալվել է 6 մարդ, որից 3-ը՝ թուրքեր, իսկ մյուս 3-ը՝ սիրիացիներ։ Բացի այդ, Սիրիայից զարտուղի ճանապարհով Թուրքիա ներթափանցելու ժամանակ ձերբակալվել է ևս 3 մարդ։
Թուրքիայից Հայաստան ներթափանցելու փորձ կատարելու ժամանակ հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է Թուրքիայի մեկ քաղաքացի։









































