«3+3» ձևաչափով երկրորդ տարածաշրջանային հանդիպումը տեղի կունենա առաջիկայում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ իրենք դրանից հստակ արդյունքներ են ակնկալում: «Մենք որոշակի ծրագրեր ունենք կապված 3+3 ձևաչափով երկրորդ հանդիպման օրակարգի հետ: Հանդիպումը պետք է տեղի ունենա առաջիկայում, չի կարելի ժամանակ ձգել»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ այդ հարթակի շրջանակում պետք է հասնել հստակ արդյունքների, հակառակ պարագայում, նրա խոսքով, այն կկորցնի իր նշանակությունը: «Մենք իրական արդյունքների կողմնակից ենք: Մենք շատ հստակ պատկերացում ունենք տարածաշրջանի զարգացման ապագայի վերաբերյալ: Մենք գիտենք՝ ինչ ենք ուզում և կշարունակենք օգտագործել բոլոր հնարավորությունները մեր նպատակներին հասնելու համար»,- ասել է Ալիևը:
Փորձագետներն ի սկզբանե նշում էին, որ Հայաստանի շահերից չի բխում 3+3 ձևաչափին մասնակցելը։ Հայաստանի արտգործնախարարությունն էլ առ այս պահը չի հստակեցրել, մենք երկրորդ հանդիպմանը մասնակցություն կունենա՞նք թե ոչ։ Ի՞նչ օգւոտներ կարող է ստանալ Հայաստանը մի ձևաչափից, որտեղ բարեկամներ մեծ հաշվով չունի։ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց քաղաքական օրակարգը, Իրանի մոտեցումները արցախյան հակամարտության վերաբերյալ հեռու են հայամետ լինելուց։ Դե իսկ Ռուսաստանն էլ ոչ մեկ անգամ է ապացուցել, որ առաջանորդվումէ այդ պահի իր առաջնահերթություններով, որոնք բնավ կարող է չհամընկնեն հայկական շահերի հետ։ Քննարկվող հարցերից մեկն էլ այն է, թե որքանով է այդ ձևաչափն այժմ առհասարակ հետաքրքիր Ռուսաստանին, երբ նա ամբողջությամբ զբաղված է Ուկրաինայի դեմ պատերազմով։
Բացի այդ՝ որքան էլ Ադրբեջանի նախագահը խոսում է 3+3 ձևաչափի մասին, վրացահայ քաղաքական մեկնաբան Առնոլդ Ստեփանյանը գտնում է, որ Վրաստանը կմնա իր նախկին դիրքորոշմանը և այդ ֆորմատում մասնակցություն չի ունենա․ «Դրան կհաջորդի Վրաստանի ներսի կատակլիզմը։ Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին, ժողովուրդը այդ քայլը ճիշտ չի համարի։ Հասարակության մի հատվածը գտնում է, որ Վրաստանի իշխանությունները ավելորդ լոյալություն են ցույց տալիս Ռուսաստանին, ինչն իրականությանը չի համապատասխանում, որովհետև այստեղ մոտիվացիան բոլորովին այլ է։ Բայց մի բան է ինչ է իրականում տեղի ունենում և թե ինչպես է դա ընկալվում։ Հիմա դրա ժամանակը չէ ու Վրաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են դա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Եթե Վրաստանն իսկապես ցանկանար մտերմանալ Ռուսաստանի հետ, ապա նվազագույնը, ստ մեր զրուցակցի, ավիաթռիչքները կվերականգնվեր կամ էլ մի շարք հարցերում դիրքորոշման մեղմացում կնկատվեր․ «Բայց դա տեղի չի ունենում, ուստի Վրաստանը չի միանա 3+3 ձևաչափին։ Իհարկե գործընկերները կցանկանային, որ Վրաստանն այդ ձևաչափի մաս դառնար, բայց հիմա դա քիչ հավանական է։ Չնայած այդ հանգամանքին՝ Վրաստանը հետաքրքրված է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, բայց դա չպետք է տեղի ունենա իր ինքնիշխանության ու մնացած հետաքրքրությունների, այդ թվում իր տարածքային ամբողջականության վերաբերյալ դիրքորոշումից շեղվելու հաշվին։ Մենք այդ գինը պատրաստ չենք վճարել»։
Առնոլդ Ստեփանյանի խոսքերով՝ «3+3»-ին միանալու հարցն առհասարակ Թբիլիսիի օրակարգում այս պահին չկա, հասարակությունն էլ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին այլ հետաքրքրություններ ունի․«Իհարկե իշխանությունները գործընթացին հետևում են, բայց դա տեղի չի ունենա այս փուլում։ Վրաստանն իր ինքնիշխանության կորստի հաշվին նման քայլի չի գնա։ Ռուսաստանը հենց դա է ուզում, բայց Թբիլիսին նման քայլի չի գնա։ Չնայած հիմա այնպիսի իրավիճակ է, որ ես կարող եմ նույնիսկ սխալված լինել։ Հարցեր կան, որ դժվար է մեկնաբանել։ շատ փորձագետներ չէին կանխատեսում Ուկրաինայի դեմ պատերազմը, դա միանգամայն անհավանական էին համարում, ուստի ես էլ կարող եմ սխալված լինել»։
Ի դեպ՝ Հայաստանն ուներ լայն հնարավորություն օգտագործելով Վրաստանի մերժումը ևս հրաժարվել այդ ձևաչափից։ Երևանը շատ հանգիստ կարող էր պատճառաբանել, որ տարածաշրջանային ոչ բոլոր երկրներ են ներգրավված այդ ձևաչափում և այն իր էությամբ լիարժեք չէ։ Առ այս պահը սակայն պաշտոնական Երևանի կողմից նման հայտարարություններ չեն հնչել։










































