ՀԱԿ-իշխանություն երկխոսության վեցերորդ աշխատանքային հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և տեղեկացրեց, որ օգոստոսի 9-ի միջադեպն են քննարկել և կարծես թե ունեն ընդհանուր մոտեցում. «Իրավական համակարգը գործել է ոչ խտրական, և աշխատանքային խումբը վստահություն ունի, որ իրավական համակարգը շարունակելու է բոլորի նկատմամբ գործել ոչ խտրական»:
Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխման առումով ՀԱԿ-ի վստահությանն արձագանքելով՝ Հարությունյանը նշեց, որ իրենք չեն խառնվում իրավական պրոցեսներին, քանզի իրենց մոտ ընթանում է քաղաքական գործընթաց, և իրենք ընդամենը դիտարկել են, թե ինչ է տեղի ունենում իրավական համակարգում, և վստահություն են հայտնել, որ իրավական համակարգի ոչ խտրական գործունեությունը շարունակվելու է:
Ինչ վերաբերում է կոալիցիայի ներկայացրած 130 էջանոց փաստաթղթի վերաբերյալ Լևոն Զուրաբյանի հնչեցրած կարծիքին, թե այն ավելի լավ է հիմնավորում արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, Հարությունյանը նշեց. «Կարծում եմ՝ հռետորական տեսանկյունից գեղեցիկ հնար է օգտագործել Զուրաբյանը, բայց բնականաբար այն հակառակն է` մենք այս պահին չենք տեսնում, որ ՀԱԿ-ի որևէ հիմնավորում հիմնավորում է արտահերթ ընտրությունները», կալամբուրով իր խոսքն ավարտեց պարոն Հարությունյանը:









































