Հայաստանը կամ կբացի Թուրքիայի՝ Կովկասում ավելի մեծ դեր ստանձնելու ճանապարհը, կամ կապահովի այդ դերը Ռուսաստանի համար: Հետպատերազմյան շրջանում ընդհանրապես, վերջին շաբաթներին մասնավորապես հաճախ ենք հանդիպում այդօրինակ հարցադրումների, որոնք փաստորեն հնչում են արդեն մինչև անգամ խորհրդարանի ընդդիմադիիր պատգամավորների մակարդակում: Մասնավորապես, իրերի այդպիսի դրությունն ու փաստացի այդպիսի «դիլեման» բարձրաձայնում է նաև ԱԺ «Հայաստան »խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, նախկին փոխվարչապետ, որն այժմ Եվրասիական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ է:
Թե ինչու է «Հայաստան »խմբակցության անդամը որոշել անել այդ հարցադրումը Բրյուսելում ապրիլի 6-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ, որոշակիորեն պատասխան կա թերևս նրա հրապարակած հոդվածում, որտեղ կարծիք է հայտնում, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը կբացի հենց Թուրքիայի ճանապարհը: Ավելի շուտ, Արմեն Գևորգյանի միջոցով այդ կարծիքը արտահայտում է թերևս նրա ներկայացրած ուժը կամ դրա առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը: Փաստացի, այդպիսով թերևս «բացահայտվում» է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին խոոչընդոտելու շահառուն Ռուսաստանն է, համենայնդեպս ըստ այն շարադրության տրամաբանության, որ կա պատգամավոր Գևորգյանի հոդվածում: Եթե խաղաղության պայմանագիրը բացում է Թուրքիայի ճանապարհը, կնշանակի, որ Ռուսաստանը պետք է լինի դրան դեմ՝ իր նահանջի ճանապարհը փակելու համար: Այդպիսով, ապրիլի 6–ից առաջ Ռոբերտ Քորչարյանի առաջնորդած ուժը մատնու՞մ է արդյոք Ռուսաստանին, թե Բրյուսել մեկնող Փաշինյանին է Ռուսաստանին «մատնու՞մ», թերևս հարաբերական է, բայց այստեղ առավել կարևոր խնդիրը ըստ էության այլ է:
Հայկական պետականության «առաքելությունը» կամ «գործառույթը» հասցվում է Կովկասում կամ Թուրքիային, կամ Ռուսաստանին «ծառայելու», «սպասարկելու» աստիճանի, գուցե տարբեր ձևակերպումներով, բայց իմաստային այդ էությամբ: Եվ կասկած չկա իհարկե, որ մեր ռեգիոնը մեծ հաշվով պարփակված է այդ երկու խաղացողների սխեմայի մեջ, ընդ որում բավականին կայուն գործող, որը խոշոր հաշվով շահեկան է դիտվում նաև մյուս խոշոր խաղացողի՝ ԱՄՆ համար, որը ռուս-թուրքական այդ սխեմայի միջոցով դիտարկում է իրավիճակի լայն կառավարելիության առավել օպտիմալ հնարավորություններից մեկը: Սակայն, այդ հանգամանքը առավել ևս պետք է ստիպի, որպեսզի հայկական քաղաքական միտքն աշխատի հայկական պետականության նշանակության, ֆունկցիոնալ կարևորության ու դերակատարման առավել հավասարակշռված բովանդակություն և բանաձևեր գտնելու ուղղությամբ, ոչ թե Ռուսաստանի ու Թուրքիայի միջև «կամ-կամ-ի ձևավորման վրա: Հայաստանը նվազագույնն ինքն իր մտածողությունը չպետք է պարփակի Ռուսաստանին կամ Թուրքիային ճանապարհ տալու կամ չտալու շրջանակում: Ի վերջո այն, ինչ կա մեր գլխում, խոշոր հաշվով ժամանակի ընթացքում «գալու է մեր գլխին»: Հետևաբար, այո հաշվի առնելով խիստ բարդությունները, որ կան այդ առումով ինչպես աշխարհում, այնպես էլ մեր ռեգիոնում, այդուհանդերձ մենք առավել ևս ստիպված ենք մեծ ջանք գործադրել նախ մեր գլխից «կամ-կամ»-երը հեռացնելու, իսկ հետո նաև այդպիսով Հայաստանը «կամ-կամ»-երից հեռացնելու համար: Առավել ևս, որ լայն հաշվով, Ռուսաստանն ու Թուրքիան իրենք են որոշում ու վճռում Կովկասում «միմյանց ճանապարհները», և խոշոր հաշվով այդ հարցում Հայաստանին ավելորդ հարցեր թերևս չեն էլ տալիս, այլ պարտադրում են որոշումներ: Հետևաբար, այդ մեխանիզմից դուրս գալու համար առավել ևս անհրաժեշտ է դուրս գալ «կամ-կամ»-ի դիլեմայից: Դա բարդ է անշուշտ, բայց այլ անելիք ոչ միայն չկա, այլև չկա այլ անելիքի իմաստն անգամ: