Ռուսաստանի Հեռավոր Արևելքում պահեստազորայինների հավաքներ է անցկացնում։ ՌԴ քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներն անմասն չեն այս գործընթացից։ Այս խնդրի շուրջ ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դա կվերաբերի մեր այն հայրենակիցներին, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են. «Դա չի վերաբերում ազգությանը, վերաբերում է քաղաքացիներին: Այնպես ինչպես ազգությամբ ռուսները, որոնք ՀՀ քաղաքացի են, նրանց վերաբերվում է Հայաստանում իրականացվող զորակոչը կամ հավաքը: Դա վերաբերում է ՀՀ քաղաքացիներին՝ անկախ ազգությունից: Ես տեղեկացված չեմ, թե այդ հավաքները Ռուսաստանում ինչ ծավալներով է իրականացվում, համատարած է, թե կոնկրետ ինչ-որ զինվորական ծառայություն անցածների համար: Բայց եթե այդ հավաքների տակ ընկնեն նաև ազգությամբ հայերը, դա ոչ մի բան չի նշանակում, որովհետև դա վերաբերում է ՌԴ քաղաքացիներին: Նրանք, որոնք երկար տարիներ ապրում են Ռուսաստանում, բայց քաղաքացիություն չունեն, նրանց միանշանակ չի վերաբերվի, որովհետև ցանկացած երկրի բանակում ծառայում են իրենց երկրի քաղաքացիները: Ցավոք, ես ձեռքիս տակ տվյալներ չունեմ, թե զորակոչային տարիքի կամ զինապարտության տարիքի որքան ՀՀ քաղաքացի ունենք, որոնք միաժամանակ ՌԴ քաղաքացի են»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմից հետո շատերն իրենց որդիներին փախցրեցին Հայաստանից և արագ ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթաց են սկսել, և հիմա նրանք կարող են այլ վտանգների առջև կանգնել և ստիպված են լինելու գնալ պատերազմող երկրի բանակ, Բեժանյանն ասաց. «Ես այդ առումով թվային տվյալ չունեմ: Ես ավելի քան վստահ եմ, որ ոչ մի գերատեսչություն, ոչ մի փորձագետ նման տվյալ չունի: Ավելին, ես խիստ կասկածում եմ, որ եթե դուք փորձեք Ռուսաստանի փորձագետներին հարցնել և նրանք տիրապետեն այդ թվային տվյալներին, որովհետև իրենց համար ՌԴ քաղաքացին ՌԴ քաղաքացի է, ազգությունը նշանակություն չունի: Ազգությամբ որևէ մեկը ձեզ թվային տվյալ չի տրամադրի: Այնպես չէ, որ վերջին պատերազմից հետո բոլոր նրանք, որոնք մեկնեցին, անմիջապես ստացան ՌԴ քաղաքացիություն կամ զինապարտության տարիքի էին: Չի բացառվում, որ գնացածներից շատերի 18 տարեկանը լրանալու է մի քանի տարի անց: Այնպես չէ, որ ենթադրենք 18 տարեկան 100 հազար մարդ գնաց ու նրանք բոլորը հիմա ծառայում են, կամ դա նրանց վերաբերում է: Այնպես որ որևէ մեկը չի կարող ասել, թե որքան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի կա, որոնք ենթակա են զորակոչի»:
Հարցին, թե ռուսական ռուբլու անկման ֆոնին ինչ վիճակում են մեր հայրենակիցները ՌԴ-ում՝ հաշվի առնելով, որ այս պատերազմը համընկավ ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնելու շրջանի հետ, Տաթևիկ Բեժանյանը պատասխանեց. «Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումը մի կողմից, ռուբլու արժեզրկումը մյուս կողմից անբարենպաստ պայմաններ են ստեղծում աշխատանքային միգրանտների համար: Մի մաս կա, որ այնտեղ են գտնվում, բայց տարակուսած ու սպասողական վիճակում են, իրենք հույս ունեն, որ պատերազմի ավարտից հետո ռուբլու կուրսը կբարձրանա, դեռևս չեն շտապում վերադառնալ: Կան մարդիկ, որոնք վերադառնում են, և նրանց թիվը մեծ չէ: Հետաքրքիր է, որ հիմնականում Հայաստան գալիս են ոչ ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ գործարարներ, բայց նրանք մեր թիրախ խումբը չեն, նրանք ուղղակի փորձում են փրկել իրենց բիզնեսը: Նրանք աշխատանքային միգրանտներ չեն: Իհարկե, ունենք նաև միգրանտներ, որոնք մտադրություն ունեին մեկնելու Ռուսաստան, բայց դեռևս սպասողական վիճակում են: Ամենալուրջ խնդիրը ռուբլու արժեզրկումն է, կարող է առաջիկայում գործանուները չկարողանան վճարել իրենց աշխատողներին»:











































