Այսօր նավթի գները թանկացել են ԱՄՆ-ում «սև ոսկու» հանդեպ պահանջարկի մեծացման` ներդրողների հույսերի, ինչպես նաև այն կարծիքի տարածման ֆոնի վրա, որ Լիբիայից նավթի մատակարարումը ավելի շատ ժամանակ կպահանջի, քան սպասվում էր:
Ամերիկյան WTI մակնիշի հում նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գները աճել են 0.66 դոլարով. մինչև 85.08 դոլար՝ բարելի դիմաց: Brent մակնիշի նավթի խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսի գինը բարձրացել է 0,57 դոլարով. մինչև 108,93 դոլար՝ բարելի դիմաց:
Նավթի գնի բարձրացումը մեծապես կախված է ԱՄՆ-ի լավատեսությունից: Բացի այդ, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը չորեքշաբթի կհայտնի երկրում նավթի և բենզինի պաշարների մասին տվյալներ՝ անցած շաբաթվա կտրվածքով: Վերլուծաբանների կանխատեսումներով՝ բենզինի պաշարները նշված ժամանակաշրջանում նվազել են 1 մլն բարելով՝ մինչև 209 մլն բարել:
«Չի բացառվում, որ վաղվա տվյալների ակնկալիքով՝ նավթի գները կարող են տատանվել, դրա հետ մեկտեղ նոր ցուցանիշները կարող են խթանել «սև ոսկու» գների բարձրացմանը»,- ենթադրում է MF Global –ի վերլուծաբան Թոմ Պավլիցկին:









































