Մարտի 21-ին Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը: Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։
Հնչում են տեսակետներ, որ Հայաստանը գազատարի հարցով պետք է դիմել ՄԱԿ-ի արդարադատության դատարան։
Այս առնչությամբ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տեսականորեն հնարավոր է դիմել միջազգային դատարան. «Գիտեք, որ դատարանում հիմնական բարդությունը ապացույցներն են: Այսինքն եթե պետք է ներկայացվի ռասայական խտրականության գործ, պետք է հիմնավորել, որ դա արվել է միտումնավոր, էթնիկ զտման նպատակով, որպեսզի արցախցիները լքեն իրենց բնակավայրերը, այսինքն հումանիտար աղետ առաջացնելով, արհեստածին վիճակ ստեղծելով, որ մարդիկ այդ տարածքը լքեն: Իսկ դա էթնիկ զտում է: Մոտավորապես նման բան Ադրբեջանը փորձում էր ընդդեմ Հայաստանի ներկայացնել ականների հետ կապված, բայց մերժվեց, որովհետև չկարողացան ապացուցել: Հիմա տեսականորեն Հայաստանը կարող է և պետք է մտածի այդ ուղղությամբ, բայց խնդիրը ապացույցներն են, ինչպե՞ս հիմնավորել, որ դա ոչ թե տեխնածին դեպք է, այլ միտումնավոր, այն էլ հենց այդ նպատակով: Դա շատ բարդ է: Բայց եթե կրկնվի որոշակի պայմաններում, եթե Ադրբեջանը չկարողանա ներկայացնել օբյեկտիվ պատճառներ, որ դա տեխնածին է, չկարողանա այդպիսի հիմքեր ներկայացնել, հնարավոր կլինի ապացուցել, որ այդ ամբողջն արվում է Արցախի բնակչության էթնիկ զտման նպատակով: Ամեն ինչ կախված կլինի փաստերից ու ապացույցներից: Տեսական հնարավորություն միանշանակ կա»,-ասաց Արա Ղազարյանը:
Նա նկատեց, որ այն, որ Ադրբեջանն իրեն իրավազորություն է վերապահում վերահսկողություն սահմանել գազի հոսքի նկատմամբ, դա իրավական խնդիր չի բարձրացնում. «Ի վերջո, եթե տարածքը արդյունավետ կերպով վերահսկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ուրեմն իրենք իրավունք ունեն գործադիր իշխանություն իրականացնել: Բայց դա չպետք է արվի չարամիտ դիտավորությամբ, չպետք է արվի ռասիզմի նպատակով: Դա չպետք է անել վերածելով պատերազմի գործիքի: Դա կարելի է անել անվտանգության պայմաններից ելնելով, տնտեսական ինչ-ինչ նպատակներից ելնելով: Բայց եթե արվում է կոնկրետ ահաբեկելու նպատակով, նշանակում է՝ արդեն իրավաչափ չէ»,-ընդգծեց Արա Ղազարյանը:
Դիտարկմանը, որ եթե ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիները չկարողանան այդ հարցում գալ համաձայնության, այդ դեպքում Հայաստանը էլ ավելի լուրջ հիմնավորումներ կարող է ներկայացնել ՄԱԿ-ի դատարան, նա ասաց, որ բացի ՄԱԿ-ի դատարան դիմելը Արցախի բնակիչները կարող են դիմել Եվրոպական դատարան՝ պահանջելով, որ դատարանը որոշում կայացնի ընդհուպ մինչև անհատական միջոցներ կիրառի. «Արդեն նման փորձ եղել է: Այսինքն նույնիսկ մասնավոր խմբերը մտածում են դա անելու մասին: Այդ դեպքում ոչ միայն ռասայական խտրականության, այլ ընդհուպ մինչև կյանքի իրավունքի կամ անմարդկային վերաբերմունքի հետ կապված անհատական հանգամանքներից: Ի վերջո, գազի հոսքի ապահովումը կենսունակություն ապահովելու միջոց է:
Այնպես որ տեսական իրավական հիմքեր կան, մնացածը պետք է փաստերի վրա աշխատել: Բայց կարծես թե դա պետք է անել որպես զսպման միջոց, որովհետև եթե զսպում չլինի, Բաքուն շարունակելու է դա անել: Պետք է լայն տեղեկատվական արշավներ կազմակերպել, ամենատարբեր հարթակներում այս հարցը ներկայացնել, այդ թվում նաև իրավական հարթակներում: Իրավական հարթակում ներկայացնելը կարևոր է նրանով, որ դա այդ հարթակում մնում է երկար ժամանակ և անընդհատ իրեն հիշեցնել է տալիս: Քաղաքական հարթակներում դա կարճաժամկետ ազդեցություն ունի: Կարծում եմ՝ եթե սա կրկնվի, առնվազն իրավական գործընթաց կսկսվի: Դա նշանակում է, որ որոշակի միտում կա»:










































