Ադրբեջանը տեղեկություն է տարածել այդ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի խաղաղապահ առաքելությունների հարցերի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմի հանդիպման մասին: Ադրբեջանական պրոպագանդան հանդիպման մասին տեղեկությունը մատուցել է այն շեշտադրմամբ, թե քննարկվել է Արցախի հայկական զինուժի լուծարման հետ կապված հարցեր, ինչը ըստ ադրբեջանական կողմի իբրև թե բխում է նոյեմբերի 9-ի համաձայնագրից:
Այն, որ ադրբեջանական իշխանությունը փորձում է առնվազն քարոզչական շեշտադրումների միջոցով արծարծել թեման, թերևս հասկանալի է:
Իրավիճակը սակայն առանձնակի դիտարկման կարիք ունի Արցախում գազամատակարարման դադարեցման ֆոնին: Ադրբեջանը տասնօրյա դադարից հետո վերրականգնել էր գազամատակարարումը, սակայն մեկ օր անց դարձյալ դադարեցրել:
Անկասկած է, որ Բաքուն այդ քայլին գնում է ոչ թե քմահաճույքով, այլ քաղաքական նկատառումներով և դրանք ունեն այնպիսի համատեքստ, որ Ադրբեջանը թերևս հնարավոր է համարում հումանիտար տեռորի անպատիժ դիմելը, ինչն էլ անում է: Այդ ֆոնին հատկանշական է, որ Բաքվի քայլը չի դատապարտել Մինսկի խմբի համանախագահ և որևէ կողմ, թե խաղաղապահ մանդատի տեր Ռուսաստանը և թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Այստեղ իհարկե հնարավոր է դիտակել զբաղվածությունը ուկրաինական պատերազմով, սակայն բանն այն է, որ երեք երկրներն էլ վերջին օրերին հետաքրքրվել են Հարավային Կովկասով և հաղորդակցվել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ըստ այդմ, բանն ամենևին «ժամանակ չունենալը» չէ, այլ պարզապես նպատակահարմարությունը:
Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից որևէ մեկը փաստորեն նպատակահարմար չի գտնում ուղիղ և հասցեական դատապարտել մարդասիրական տեռորը, որ ցուրտ եղանակին կիրառում է Ադրբեջանը Արցախի ավելի քան 100 հազար բնակչ, այդ թվում երեխաների դեմ: Երբ անհասցե արձագանքներ էին լինում կամ լինում են հրադադարի խախտման հարցերում, սա դեռ կարելի է հասկանալ, հնարավոր է բացատրել ինչ որ կերպ, սակայն երբ ակնառու է մարդասիրական տեռորի հանգամանքը, լռությունն այստեղ դառնում է թե տարօրինակ,թե վերածվում հանցակցության:
Տվյալ պարագայում, քաղաքական նկատառումներից ելնելով, Մինսկի խմբի երեք համանախագահներն ու նաև միջազգային հանրությունը ներկայացնող այլ կառույցները՝ որոնք այսօր առավոտից երեկո շեփորում են Ուկրաինայում մարդասիրական խնդիրների մասին, լուռ են Արցախի հանդեպ կատարվողի մասով: Քաղաքական նկատառումները ենթակա են իհարկե առանձին դիտարկման:
Ռուսաստանի պարագայում անկասկած է, որ կաշկանդողը հենց խաղաղապահ մանդատն ու պատասխանատվությունն է, միաժամանակ այն, որ Մոսկվային այսօր որևէ կերպ շահեկան չէ էական խնդիրների մեջ մտնել նաև Կովկասում, այն էլ Ադրբեջանի, շղթայաբար նաև Թուրքիայի հետ: Եվ այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք Արցախի բնակչության մարդասիրական խնդիրը չի դառնում ՌԴ դեմ ճնշման պահանջված գործիք և Բաքուն էլ զգալով պահը, փորձում է փնտրել իր հարցի լուծում՝ Արցախի ՊԲ կազմալուծում: Եթե Ռուսաստանը թույլ տա այդ զարգացումը, ապա թե Արցախի բնակչությունն է հայտնվելու ծանր վիճակում, թե հենց Ռուսաստանը: Ընդ որում, Ադրբեջանի հղումը նոյեմբերի 9-ի փաստաթղթին, չունի հիմք: Բանն այն է, որ փաստաթղթում չկա որևէ հստակություն այն մասին, թե Արցախը պետք է չունենա պաշտպանական ուժեր: Եթե խոսքը վերաբերում է Հայաստանի զինուժին, ապա այն Արցախում չէ վաղուց և դուրս է բերվել նաև այն շրջաններից, որոնք հանձնվեցին Ադրբեջանին:
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Ադրբեջանին չի տալիս որևէ այլ հիմք: Ավելին, Ադրբեջանն ինքն է խախտում այդ փաստաթուղթը, արգելելով գազի՝ որպես ապրանք մատակարարումը Հայաստանից Արցախ, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը երաշխավորում է անարգել տրանսպորտային կապը, բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով, որը գտնվելու է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
Լուսանկարը՝ «Հետք»-ից










































