NATO-ի ուժերը շարունակում են ռմբակոծման ենթարկել Տրիպոլիի Բաբ ալ-Ազազիայա թաղամասը, որտեղ գտնվում է Մուամմար Կադդաֆիի նստավայրը: Այս մասին հայտնում է euronews-ը: Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է Լիբիայի առաջնորդը: Նախօրեին Տրիպոլի էր ներխուժել Կադդաֆիի կողմնակիցների բանակը, մայրաքաղաքում այս պահին ծանր մարտեր են ընթանում:
Նախկինում հաղորդվում էր, որ Կադդաֆիի որդիներից Սեյֆ ալ-Իսլամը ձերբակալվել է ապստամբների կողմից, սակայն գիշերը, երբ կադդաֆիականները ներխուժեցին Տրիպոլի, Սեյֆ ալ-Իսլամը հանկարծ հայտնվեց և հայտարարեց, որ իրենք մինչև վերջ կռվելու են, իսկ իր հորը ոչինչ չի սպառնում, նրա անվտանգությունն ապահովված է:
Սեյֆ ալ-Իսլամը հայտարարել է, որ արևմտյան երկրները Լիբիայի դեմ տեղեկատվական պատերազմ են վարում, իր ձերբակալությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Բացի այդ, ըստ նրա, NATO-ն համացանցի միջոցով ապատեղեկատվություն է տարածում, որպեսզի Լիբիայում տիրի քաոս և անիշխանություն:
Հիշեցնենք, որ երեկ Հաագայի միջազգային դատարանը Լիբիայի ապստամբներից պահանջել էր հանձնել Սեյֆ ալ-Իսլամին, ում ձերբակալման մասին լուրը տարածել էին ապստամբները:









































