ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու մասին նամակը հանձնել է կազմակերպության գլխավոր քարտուղարին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը՝ հավելելով, որ Ռուսաստանը սեփական կամքով է դուրս գալիս Եվրախորհրդից:
«Դա կշռադատված և մտածված որոշում է», – ասել է Տոլստոյը:
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին էլ իր հերթին հայտարարել է, որ Եվրախորհրդից դուրս գալով՝ Ռուսաստանը կչեղարկի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Բայց նաև հավելել է, որ չնայած դրան՝ ռուսաստանցիների բոլոր իրավունքները երաշխավորված կլինեն անպայմանորեն: