Չինաստանի ավիացիոն իշխանությունները մարտի 21-ից մի քանի միջազգային չվերթներ Շանհայից երկրի այլ քաղաքներ կվերաուղղորդեն COVID-19-ի նոր բռնկման պատճառով: Այդ մասին, մարտի 15-ին հաղորդել Է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
Շանհայը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ քաղաքներ, վերջին շաբաթներին բախվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայով ախտահարվածների ակտիվ աճող թվին, եւ որպեսզի մեղմացվի քաղաքների վրա ծանրաբեռնվածությունը համաճարակի կանխարգելման եւ վերահսկողության ոլորտում, որոշում Է ընդունվել մարտի 21-ից մինչեւ մայիսի 1-ը վերաուղղորդել միջազգային մարդատար չվերթներն այլ քաղաքներ:
Երթուղիների վերափոխումները կվերաբերեն չինական հինգ ավիաընկերությունների 22 ուղղություններով 106 չվերթների: Չվերթները «Պուդուն» միջազգային օդանավակայանից կտեղափոխվեն Չենդու, Դալյան, Ֆուչժոու, Կունմին, Նանչան, Նինբո, Սյամեն, Տայյուան, Չունցին եւ այլ քաղաքներում գտնվող օդանավակայաններ: Համավարակի ողջ ժամանակաշրջանում Շանհայի իշխանությունները բավականին արդյունավետորեն են կարգավորել արտասահմանից երկիր մուտք գործող մարդկանց մեծ հոսքը, ապահովել խիստ կարանտինը եւ ոչ մեծ տեղային բռնկումների դեպքում արագորեն հարթահարել այն:
Ընդամենը քաղաքում համավարակի ժամանակաշրջանում հայտնաբերել են COVID-19-ի 4,8 հազար դեպք, վերջին օրվա ընթացքում գրանցվել Է 12 տեղային դեպք, 9-ը՝ բերովի եւ 133-ը՝ առանց ախտանշանների: Քաղաքի հիվանդանոցներում այսօրվա դրությամբ բուժում Է ստանում 671 կորոնավիրուսով հիվանդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









































